168․.am-ը գրում է.

Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանվում է 100-ից ավելի ապրանքատեսակ: Երեկ համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ ԱՄԷ օդային բեռնափոխադրումների գինն ավելացել է՝ լուրջ խոչընդոտներ ստեղծելով գործարարների համար:

Գործարար Հարություն Մնացականյանը «168 Ժամին» տեղեկացրեց, որ այս տարի դեպի Դուբայ օդային ճանապարհով բեռնափոխադրումների գինը, իջեցնելու փոխարեն, բարձրացվել է կիլոգրամի համար 1.9 դոլար։ Ըստ նրա՝ նախկինում մեծաքանակի դեպքում 1.8 դոլար էր, և կիլոգրամի մեջ այս փոփոխությունն էլ էական է գործարարների համար: «Ուզում էինք կեռաս արտահանել, բայց եթե անցած տարի փոխադրումն արժեր 1.7 դոլար, այս տարի 1.9 դոլար է; Սա՝ այն պայմաններում, երբ Իրանի հանդեպ պատժամիջոցներն իրական հնարավորություն էին ստեղծել մեզ համար պտուղ-բանջարեղենով արաբական շուկան գրավելու։ Հնարավոր էր օրը մինչև 200 տոննա արտահանել»,- նշում է նա։

Մնացականյանի խոսքով՝ Մոլդովայից Դուբայ նույն փոխադրումների գինը կազմում է ընդամենը 1 դոլար, Թեհրանից՝ 0.4 դոլար։ Գործարարը հաշվարկել է, որ այս գներով արտահանումն արդեն մրցունակ չի լինի, ու իմաստ չունի անգամ փորձելը:

«Հիմա ինձ բացատրեք, երբ բեռնափոխադրման գինը մոտ 1000 դրամի տարբերություն է տալիս, ի՞նչ կուլտուրա կարող ենք արտահանել, որ կարողանանք մրցակցել»,- հարցադրում է անում նա:

Հ.Մնացականյանը նշում է, որ մարդու տեղափոխումը Դուբայ ավելի էժան է՝ մոտ 71 հազար դրամ, քան բեռի՝ 90 կգ-ն՝ 82 հազար դրամ. «Չի կարող լինել նման բան, երբ բեռի փոխադրման արժեքը մարդու փոխադրման գնից ավելի լինի»:

Ըստ նրա՝ կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի՝ կա՛մ զսպի մասնավորին, կա՛մ էժան փոխադրող գտնի:

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տվյալների համաձայն՝ 2018 թվին նախորդ տարվա համեմատ՝ աննախադեպ աճ է գրանցել լոլիկի արտահանումը ԱՄԷ՝ 72կգ-ից դառնալով 20521 կգ, սկսել են արտահանել լոբազգի բանջարեղեն՝ 4 կգ, վարունգի արտահանումը նվազել է՝ 96 կգ-ից դառնալով 2 կգ, այլ բանջարեղեն 279.1 տոննայի փոխարեն՝ արտահանվել 354.6 տոննա: Մրգերի գծով ընդհանուր առմամբ նույնպես ավելացում կա՝ խնձոր, տանձ, սերկևիլ տողով արտահանումը 2017-ի 102 կգ-ի փոխարեն՝ 2018-ին կազմել է 3610կգ, ծիրան, բալ, կեռաս, դեղձ, նեկտարին, սալորը՝ 33.1 տոննայի փոխարեն՝ դարձել է 40.5 տոննա, և այլն:

Պետեկամուտների կոմիտեից մեզ տեղեկացրին, որ այժմ որևէ մաքսային փոփոխություն չի եղել, որը կարող էր ազդել փոխադրման գնի վրա. «Ընդհանրապես, Հայաստանից արտահանման մաքսատուրքը 0 է»,- նշեցին ՊԵԿ-ից:

Քաղավիացիայի կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Փայասլյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք որևէ ահազանգ չեն ստացել: Ըստ նրա՝ այս հարցը կոմիտեի գործառույթների մեջ չէ:  «Բեռնափոխադրումների գնագոյացման ձևավորմանը մենք չենք մասնակցում, և մեր կողմից տրվող թույլտվության մեջ նման պայման չկա: Ընկերությունն ինքն է որոշում՝ իր մատուցած ծառայության համար ինչ գին սահմանել: Մեր խնդիրն է՝ ունենալ նորմալ ավիափոխադրողներ, բայց գնագոյացմանը մենք ընդհանրապես չենք միջամտում, և չունենք որևէ տեղեկատվություն, թե ինչու է փոխվել»,- ասաց նա:

Երևանից Դուբայ փոխադրումներն իրականացնում է «ՖլայԴուբայ» ավիաընկերությունը: Դրա ներկայացուցիչը հավաստիացրեց, թե որևէ գնային փոփոխություն տեղի չի ունեցել իրենց մոտ. «Ոչինչ չի փոխվել գնագոյացման գործընթացում: Տարբեր ապրանքների դեպքում տարբեր գնային սանդղակներ են գործում, բայց որևէ բան չի փոխվել: Գուցե մասնավոր դեպք է»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին փոխնախարար Արմեն Փամբուխչյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ փոխադրումների ոլորտն իր ղեկավարման ժամանակ ընդհանրապես նման խնդիր չի առաջացրել: Ըստ նրա՝ Հայաստանից պտուղ-բանջարեղեն հիմնականում արտահանվում է Ռուսաստան:

«Բեռնափոխադրողների ասոցիացիայի հետ քննարկել էինք հիմնական խնդիրը՝ ճանապարհային հարկը, կառավարությանն առաջարկություն ներկայացրել, բայց կառավարությունն ավելի ընդառաջ գնաց՝ քանի որ բեռնափոխադրողները հիմնական ապրանք արտահանողն ու ներկրողն են և քանի որ կարևորագույն դեր ունեն, պետք է ընդհանրապես ճանապարհային հարկ չվճարեն: Այդ հարկը, որ ¬նախկինում 360 հազար դրամ էր, ապա ավելացվեց մինչև 480 հազար, նոր օրենսգրքով զրոյացնում ենք, որպեսզի բեռնափոխադրողների համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծենք: Իսկ ավիացիոն փոխադրումների մասով երբևէ որևէ բողոք չի եղել: Օդայինի դեպքում ավիափոխադրողի հետ է հարաբերությունը, այսինքն՝ մասնավորը մասնավորի հետ»,- ասաց նա:

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը մեզ հետ զրույցում նույնպես նշեց, որ այստեղ խնդիրը մասնավորի հետ է կապված, ընդ որում՝ այլ երկրի մասնավոր ընկերության հետ:

Թե ի՞նչ կարող է անել պետությունը՝ իր արտահանողներին աջակցելու համար, Բ.Թունյանը պատրաստակամություն հայտնեց գործարարի հետ խնդիրն ավելի կոնկրետ քննարկել և որևէ ուղի գտնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել