Panorama.am-ը գրում է.

«Երկու տարբեր դատական ակտերի դեմ բերված բողոքները չպետք է հայտնվեին նույն դատավորի մոտ։ Այն, ինչ մեզ պարզաբանվեց Դատական դեպարտամենտի կողմից, մեր կասկածներն էլ ավելի շատացրեց»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Վերաքննիչ քրեական դատարանում կայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը։  Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել, նշելով, թե ինչպես է պատահել, որ երկու տարբեր դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությունը հանձնվել է նույն դատավորին:

Հ. Ալումյանի խոսքով, Դատական դեպարտամենտից ասում են՝  երկու  տարբեր դատական ակտերի  բերված բողոքները պետք է մակագրվեին նույն դատավորին, որովհետև դրանք նույն գործով բերված բողոքներ են, թեև տարբեր դատական ակտերի դեմ։

«Այդ դեպքում  մեզ մոտ կասկածներն էլ ավելի շատացան այն պատճառով, որ  այդ նույն գործով վերաքննիչ դատարանում արդեն մի բողոք այդ ժամանակ  քննվում էր։ Պարուն Ռշտունու վարույթում էր, հետագայում դատավոր պարոն Ռշտունին ինքնաբացարկ հայտնեց, բայց այդ պահին, երբ որ դատախազի, տուժողների բողոքները  ներկայացվում էին, վերաքննիչ դատարանում  արդեն այդ գործով մի բողոք քննվում էր։ Հետևաբար, դատական դեպարտամենտի պարզաբանումից ելնելով երկու բողոքներից գոնե մեկը չէր կարող Արմեն Դանիելյանին մակագրվեր, հենց նույն պարզաբանման հիման վրա՝ երկուսն էլ պետք է գնային այն դատավորի մոտ, ով արդեն ընթացքի մեջ  քննվող բողոք ուներ։ Դրան գումարած, Դատական դեպարտամենտի պարզաբանումը. եթե ասում են նույն գործով ինչքան էլ դատական ակտ կայացվի, դրանց դեմ բերված բողոքները պետք է հայտնվեն նույն դատավորի մոտ, այդ դեպքում անցած տարվա օգոստոսից  քանի անգամ պարոն Քոչարյանի  գործով տարբեր վերաքննիչ բողոքներ են բերվել, որևէ անգամ տեսե՞լ եք, որ  հերթական վերաքննիչ բողոքը մակագրվեր այն դատավորին, ով մինչ այդ վերաքննիչ բողոք էր քննել։ Իհարկե, ոչ»,- ասաց Հ. Ալումյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել