Armenpress.am-ը գրում է.

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում վերջին ամիսներին դրական փոփոխություններ են տեղի ունեցել. շատացել են առաջնախաղերը, մեծացել է հանդիսատեսի ոգևորությունն ու թատրոն այցելելու ցանկությունը, աճել է տոմսերի վաճառքը: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Իգիթխանյանը:

«Թատրոնը բարձրակարգ ներկայացումներ արտադրող կառույց է, որն իր բեմադրություններով պետք է միտված լինի հանդիսատեսին դաստիարակելուն ու կրթելուն: Այն իր լավ ներկայացումներով ու պատշաճ սպասարկմամբ պետք է կանչի թատերասերին»,-նշեց Իգիթխանյանն ու հավելեց, որ հնարավոր է թատրոնով լավ վաստակել ու լավ ներկայացումների շնորհիվ բարելավել թատրոնի ֆինանսական վիճակը:

«Ձգտում ենք ներգրավել ներդրողների, որոնք կհետաքրքրվեն թատրոնով: Հիմա  ունենք նման խնդիր, քանի որ հովանավորներն ասես  չեն հավատում թատրոնի հաջողությանը, բայց կամաց-կամաց այս հայացքները փոխվում են, և տեսնում ենք, որ հենց մեր թատրոնն աշխատում է ու լավ է աշխատում: Հինգ ամսվա ընթացքում ամենակարևոր և ռիսկային փոփոխությունը, որը արվել է, այն է, որ մենք հրաժարվել ենք տոմսերը այս կամ այն հաստատությանը առաջարկելուց, քանի որ նման իրավիճակներում հանդիսատեսը պարտադրված է գալիս ներկայացում դիտելու: Երբ նա ստիպված է գալիս թատրոն,  նրան այլևս չի հետաքրքրում  ներկայացումը: Մենք այսուհետ վարում ենք «բաց տոմսարկղ» քաղաքականությունը: Միայն օնլայն և մեր տոմսարկղի վաճառքներով թատրոնը լավ վիճակում է և չի կորցրել իր հանդիսատեսին: Մենք ապացուցեցինք, որ թատերասերներն իրապես հետաքրքրված են ռուսական թատրոնով»,-շեշտեց նա:

Իգիթխանյանը հավելեց, որ թատրոնի մուտքի մոտ վաճառվում են ծրագրեր, որոնք նախկինում չէին գնում, իսկ հիմա թատերասերները ձեռք են բերում դրանք ու սիրով ծանոթանում բովանդակությանը:

«Ըստ իս` դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մենք շատ մեծ ուշադրություն սկսեցինք դարձնել սպասարկմանը: Մեր հսկիչները, տոմսավաճառները, այն մարդիկ, որոնք անմիջապես հաղորդակցվում են հանդիսատեսի հետ, անցան վերապատրաստման դասեր ու փոխեցինք նրանց՝ հանդիսատեսին ընդունելու մոտեցումները:

Հետաքրքիր է` մեր թատերասերները սիրում են վերարկուով մտնել դահլիճ: Մենք փորձեցինք նրանց հիշեցնել «Թատրոնը սկսվում է կախիչից» Ստանիսլավսկու հայտնի արտահայտությունը: Այդ նպատակով թատրոնի ճեմասրահում դաշնամուր ենք դրել, գորգեր փռել: Երբ հանդիսատեսը մուտք է գործում ճեմասրահ ու լսում է լավ երաժշտություն, մի քանի րոպե այնտեղ մնալուց հետո ինքնաբերաբար ցանկանում է հանել իր վերարկուն: Այս փոքր խորամանկությամբ հասանք մեր նպատակին»,-պատմեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

Անդրադառնալով առաջնախաղերին` Իգիթխանյանը ընդգծեց, որ հունվարից ի վեր վերականգնել են երկու մանկական ներկայացում: Նորա Գրիգորյանը հանրության դատին է հանձնել «Ինքնասպանը» բեմադրությունը, իսկ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրած «Ռոմեո և Ջուլիետ»-ը, որը վերջերս է ներկայացվել թատերասերներին, մեծ պահանջարկ ունի:

«Շուտով թատրոնի փոքր բեմ կբարձրանա «Ուրիշ մարդ» ներկայացումը, շատ հետաքրքիր է լինելու Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված «Քաջ Նազար»-ի բեմադրությունը, որը նախատեսված է ընտանեկան դիտման համար: Ներկայացման համար հատուկ երաժշտություն է գրվել, օգտագործվելու են ժամանակակից հնարքներ, մոտեցումներ: Բեմադրությունը, որի հեղինակը Կարեն Ներսիսյանն է, հանրությանը կմատուցենք  սեպտեմբերին: Հոկտեմբերին  Կոմիտասի հոբելյանի առթիվ տեղի կունենա «Կոմիտաս» ներկայացման առաջնախաղը, որի ռեժիսորը Ռոբերտ Հակոբյանն է: Թատրոնի երիտասարդ դերասան Մանվել Խաչատրյանն էլ բեմադրում է «Փղերի երկար ճանապարհը» ներկայացումը:  Հրավիրյալ ռեժիսոր Զարուհի Շեխյանն էլ Ստանիսլավսկու թատրոնի բեմում ներկայացնելու է «Գեղեցկության թագուհի» գործը»,- հայտնեց Իգիթխանյանը:

Նա չմոռացավ խոսել նաև սպասվող հյուրախաղերի մասին ու կարևորեց այն, որ հունիսին թատրոնը հյուրընկալելու է Ռուսաստանի Դաշնության Պրիմորսկի շրջանի Մ. Գորկու անվան ակադեմիական թատրոնի թատերախմբին, որը Հայաստանի հանդիսատեսի համար չորս ներկայացում է խաղալու: Ռուսական թատրոնը փոխադարձ այցով լինելու է Վլադիվոստոկում:

Անդրադառնալով թատրոնի տնօրենի ընտրությանը, որը նախատեսված է հուլիսի երեքին` Յուրի Խգիթխանյանն ասաց, որ չգիտի, թե իրենից բացի ովքեր են մրցույթին մասնակցության հայտ ներկայացրել: «Ես վայելում եմ մեր կոլեկտիվի աջակցությունը, ինչն ավելի է բարձրացնում պատասխանատվությունը: Կարծում եմ` անհրաժեշտ է շատ լուրջ վերաբերվել քննությանը, պատասխանել այդ հիսուն հարցին, բայց  մի բան էլ կա. անգիր անելով յուրաքանչյուր մարդ կարող է հանձել քննությունը, այնինչ՝ պետք  է հաշվի առել, թե որքանով է տվյալ անձը «թատրոնի մարդ»»,-շեշտեց նա:

Պատասխանելով այն հարցին՝ արդյոք չընտրվելու դեպքում պատրա՞ստ է մնալ թատրոնի կողքին ու իրականացնել իր ծրագրերը, Իգիթխանյանը խոստովանեց, որ չի կարող հստակ ասել, դա կախված է նրանից, թե ով կդառնա տնօրեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել