Aysor.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ արվեստագետ Արայիկ Խզմալյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, ով այսուհետ համակարգելու է մշակույթի բնագավառը:

Aysor.am-ի հետ զրույցում նորանշանակ փոխնախարարը նկատեց՝ առաջարկը ստացել է նախարար Արայիկ Հարությունյանից, ու այս մեծ պատասխանատվության տակ մտնելու իր հիմնական բարոյական մոտիվացիան ոլորտը կարգի բերելու ընձեռված հնարավորությունն է:

«Կարծում եմ՝ մեզ հիմա տրված է բացառիկ, պատմական հնարավորություն՝ «ավգյան ախոռները» մաքրելու ու ոլորտը կարգավորելու: Դրանում իր ներդրումը պետք է ունենա յուրաքանչյուր քաղաքացի, մասնագետ: Շատ հեշտ է կողքից տեսնել թերությունները, բացթողումներն ու միայն բավարարվել դրանք մատնացույց անելով: Ես այդ տեսակին չեմ պատկանում, ու այս պաշտոնին նշանակվելով՝ ուրախ եմ հենց միայն նրա համար, որ բացառիկ հնարավորություն ունեմ մեր երկրին ու կոնկրետ ոլորտին ծառայություններ մատուցել» - նշեց մեր զրուցակիցը:

Արայիկ Խզմալյանը վստահ է իր ուժերի վրա: Ավելորդ համեստություն չի անում ու խոստովանում է՝ իրեն համարում է ոլորտի մասնագետ, ծանոթ է բնագավառին ու դրա խնդիրներին, ոլորտը կարգավորելու պատկերացում ու ծրագիր ունի: Նշանակումից հետո չընդհատվող զանգերն ու շնորհավորանքներն էլ նրան հուշում են, որ մշակույթի գործիչները պատրաստակամ են ընդգրկվել մշակույթն առողջացնող ծրագրերում ու համատեղ ջանքերով ոլորտը կարգավորել:

Նկատում է՝ դա ամենակարևոր բանն է, քանզի նույնիսկ ամենահանճարեղ մարդը չի կարող միայնակ դուրս գալ հսկայական պատասխանատվության տակից:

«Մշակույթը միայն մշակույթ չէ. այն արտաքին քաղաքականություն է, երկրի ներսում բարոյահոգեբանական մթնոլորտ է, կրթություն է, տեղեկատվական քաղաքականություն… Սա բազմաբովանդակ ու հագեցած ոլորտ է, որտեղ անհրաժեշտ է բոլոր «խաղացողների» ընդգրկվածությունը: Բոլոր որոշումները պարտադիր մշակվելու և իրագործվելու են ոլորտի մասնագետների հետ քննարկումների արդյունքում», - վստահեցրեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել