Hraparak.am-ը գրում է.

Մենք այսօր լուր էինք հրապարակել, որ հինգշաբթի օրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը «դեբոշ» է սարքել  Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում: Նրա հետ նույն օդանավում է եղել նաև Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, որը ևս միջադեպի մասնակիցներից է եղել: Հայկի հետ կապ հաստատել չհաջողվեց, թեպետ հրապարակումից որոշ ժամանակ անց նա իր ֆեյսբուքյան էջում հերքեց տեղեկությունը՝ ընդամենը նշելով, թե սուտ է, նման բան չկա, սակայն չմանրամասնեց՝ հատկապես որ պահն է, որ իր խոսքերով, սուտ, այն, որ ինքը այդ օդանավում ընդհանրապես չի՛ եղել, թե՛ որ միջադեպին չի մասնակցել:

Քիչ առաջ մեզ հաջողվեց կապ հաստատել Վահե Հակոբյանի հետ: Վերջինս հաստատեց, որ ինքն ու Հայկ Սարգսյանն այդ օրը նույն չվերթի ինքնաթիռով մեկնել են Մոսկվա, և որ օդանավում միջադեպ է գրանցվել: Բայց ասաց, որ այդ միջադեպը իր և Հայկ Սարգսյանի միջև չի եղել:

«Այո, միջադեպ եղել է, բայց ոչ Հայկ Սարգսյանի հետ: Իմ և նրա միջև միջադեպ չի եղել: Ինքը եղել է նույն չվերթում, բայց ինքը չի մասնակցել էդ միջադեպին»,-ասաց նա: Իսկ ո՞վ է եղել միջադեպի մասնակիցը, Հակոբյանը դժվարացավ ասել. «Ես չեմ ճանաչում նրան»:

Ավելի ուշ մենք պարզեցինք նաև, թե ով է եղել միջադեպի իրական մասնակիցը: Մեզ ասացին, որ խոսքը նախկինում Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արման Մադաթյանի մասին է՝ Մանչ մականունով: Վերջինս նախկին ՕԵԿ-ական Էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի որդին է: Մադաթյանն էլ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի խնամին է: Արման Մադաթյանն է վիճաբանության բռնվել ուղևորների հետ, որին մասնակից է եղել նաև Հայկ Սարգսյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել