168.am-ը գրում է.

Հայաստանյան ներքաղաքական իրադարձություններն ու դրանց միջազգային արձագանքները կրկին համաշխարհային մամուլի առաջին էջերում են։ Սովորաբար Ղարաբաղյան հակամարտության գոտում սրվող իրավիճակով միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվող Հայաստանը վերջին ամիսներին  միջազգային մամուլում է հայտնվում ներքաղաքական զարգացումներով՝ հեղափոխությամբ, հետհեղափոխական զարգացումներով, արտահերթ ընտրություններով, նախկին բարձրաստիճան պաշտոնյաների աղմկահարույց քրգործերով։

Այս անգամ ևս բացառություն չէ. հեղինակավոր միջազգային ԶԼՄ-ների  ուշադրությունից դուրս չի մնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգին ուղղված ակցիան, որն ինքը՝ Փաշինյանը, որակեց՝ որպես հայկական հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկ։ Եթե 2018թ. թավշյա հեղափոխության օրերին և հետո Հայաստանը և տեղի ունեցող ներքաղաքական փոփոխությունները հիմնականում դրական լույսի ներքո էին ներկայացվում, ապա տևական ժամանակ է և այժմ էլ ոչ դրական են միջազգային մամուլի արձագանքները։ Միջազգային հանրությունը, տպավորություն է, հետևում է հայաստանյան ներքաղաքական անկանխատեսելի զարգացումներին, որոնք օր-օրի ավելի են շիկանում և հասարակության տրակուսանքն առաջացնում։

Գրեթե բոլոր հեղինակավոր ռուսական, արևմտյան և տարածաշրջանային ԶԼՄ-ներն անդրադարձել են կիրակի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ դատարանների մուտքերը արգելափակելու կոչերին, որին հետևեց դատավորներին վեթինգի ենթարկելու նրա ծրագրային ելույթը։

Ավելին, վարչապետի կոչը լուսաբանած բոլոր լրատվամիջոցներն արձանագրել են, որ Փաշինյանի կոչը հնչեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու դատարանի որոշումից հետո։

Գերմանական Deutsche Welle-ն օրերս գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության երկրորդ փուլի սկիզբ է ազդարարել այն բանից հետո, երբ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշում է կայացրել դատարանը։

Հեղինակավոր BBC-ի ռուսական ծառայության պատրաստած «Փաշինյանը հայտարարում է Հեղափոխության երկրորդ փուլի մասին Հայաստանում․ի՞նչ է կատարվում» վերտառությամբ հոդվածում լրատվամիջոցը մանրամասնորեն ներկայացնում է իրադարձությունների ժամանակագրությունը, ՀՀ վարչապետի բոլոր հայտարարությունները, որոնք ուղղված են դատական համակարգում իրականացվելիք փոփոխություններին՝ միևնույն ժամանակ նշելով, որ Փաշինյանի հայտարարությունը հաջորդեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դատական վճռին։

BBC-ի ռուսական ծառայությունը մեջբերում է նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունը, ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանների մեկնաբանությունները՝ տեղեկացնելով այն մասին, որ երկուշաբթի օրը հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահի գործն ուղարկվել է Սահմանադրական դատարան։

Լրատվամիջոցի ուշադրությունից չի վրիպել նաև Փաշինյանի մեկնաբանությունը Ղարաբաղյան դավադրության հավանականության մասին։ Բրիտանական ԶԼՄ-ի ռուսական ծառայությունը մեջբերում է Մարկ Գրիգորյանի կարծիքն այն մասին, որ Փաշինյանի այդ հայտարարությունը կարող է բավականին վտանգավոր լինել, քանի որ այն միմյանց դեմ է տրամադրում մարդկանց, որոնք ապրում են ՀՀ տարածքում և ԼՂ-ում։

Դատարանների մուտքերն արգելափակելու կոչերն ակտիվորեն լուսաբանել են ռուսական ԶԼՄ-ները՝ Lenta.ru-ն,  Интерфакс-ը, Комсомольская правда-ն և գրեթե բոլոր հեռուստաընկերությունները։

Lenta.ru-ի՝ «Փաշինյանը դատարաններին սպառնաց վիրահատական միջամտությամբ» վերտառությամբ հոդվածում ներկայացվում է ՀՀ-ում երկուշաբթի առավոտյան տեղի ունեցած արգելափակման գործողությունները, ապա Փաշինյանի ելույթը։ Այս ամենը, ըստ լրատվամիջոցի, տեղի է ունեցել Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության դատական վճռից հետո։

Եվրոպական լրատվամիջոցները ոչ միայն լուսաբանել են վերջին օրերի իրադարձությունները, այլև դրանց միջազգային արձագանքները։ Euronews և Euroactivլրատվական կայքերը ներկայացրել են ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինայի և Անդրեյ Շիրցելի տարածած հայտարարությունը, որով համազեկուցողները ՀՀ քաղաքական ուժերին կոչ են անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են ընկալվել ճնշումներ դատական իշխանության նկատմամբ։

Euroactiv-ի «Եվրոպայի խորհուրդը զգուշացնում է Հայաստանին դատարանների մուտքերն արգելափակելու ծրագրի համար» խորագրով հոդվածում մեջբերվում է ոչ միայն ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը, այլև Եվրոպական միության զեկույցը Հայաստանի իրադարձությունների ու ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ 2018 թվականի հունիսից 2019 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածի համար։

«Ի թիվս այլ հարցերի, զեկույցում ասվում է, որ երկրի բարեփոխումների գործընթացը դեռ իր վաղ փուլում է»,- մեջբերում է Euroactiv-ը։ Դատելով եվրոպական և ամերիկյան պաշտոնական անդրադարձերի հրապարակման ակտիվությունից՝ կարելի է հետևություն անել, որ  հայաստանյան իրադարձությունները շարունակում են մնալ միջազգային ԶԼՄ-ների դիտակետում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել