168.am-ը գրում է.

Դատական համակարգի վերաբերյալ իր հայտնի ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աղմկահարույց հայտարարություն արեց, որը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել:

«Դեռևս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»,- ասաց վարչապետը:

Այս օրերի ընթացքում լրագրողները փորձել են նրանից պարզել, թե ի՞նչ կամ ո՞ւմ նկատի ուներ, սակայն Ն.Փաշինյանը հրաժարվել է պատասխանել որևէ հարցի:

«168 Ժամն» Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ արդյոք հանդիպում ունեցե՞լ են վարչապետի հետ, գոնե իրենց՝ իշխանական պատգամավորներին նա ասե՞լ է, թե ովքեր են պատրաստվում հողերը հանձնել ու պատասխանատվությունը կառավարության վրա դնել, կամ պատրաստվո՞ւմ են հանդիպել նրա հետ:

«Ես տեղյակ չեմ՝ ովքեր են դավադիրները: Խմբակցությունում քննարկում չի եղել, Նիկոլ Փաշինյանից ես չեմ հարցրել»,- պատասխանեց Բաղդասարյանը:

Պատգամավորը տեղյակ չէ նաև, թե ընտրություններից հետո այս ժամանակաշրջանում իրավապահները քննե՞լ են արդյոք որևէ գործ դավադիրների վերաբերյալ, և ինչո՞ւ որևէ մեկի դեմ պետական դավաճանության հոդվածով գործ չի հարուցվել, կամ ձերբակալվածներ չկան. «Ես, ճիշտն ասած, տեղեկություն չունեմ, դա ԱԱԾ-ից կամ ՀՔԾ-ից պետք է ճշտեք»:

«Իմքայլականներից» մեզ հայտնեցին, որ մոտ ապագայում Փաշինյանի հետ հանդիպում չի նախատեսվում, հնարավոր է՝ հունիսի երկրորդ կեսին լինի:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վարչապետի այդ հայտարարությանն ընդհանրապես չի ուզում անդրադառնալ. «Որովհետև դա շատ վատ հայտարարություն է, և այն ապագայում կարող է օգտագործվել մեր պետության դեմ, հետևաբար՝ ես այդ դաշտում չեմ ուզում մեկնաբանել որևէ բան»:

Նա միաժամանակ հայտարարեց, որ ԱԱԾ-ն, Դատախազությունը, իրավապահները պետք է բռնեն դավաճաններին ու դավադիրներին: Մեր հարցին ի պատասխան, թե ի՞նչ հիմք ունի նման հայտարարությունը, Մարուքյանը պատասխանեց. «Գուցե հիմք ունի, ենթադրում եմ՝ օպերատիվ տվյալների է տիրապետում վարչապետը, գուցե որևէ գործ կա, որ հարուցված է, կամ կհարուցվի, ընթացք կա: Բայց այդ հայտարարությունը պետք է հրապարակային չլիներ, պետք է փակ արվեր»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանըհրաժարվեց «գուշակություններ» անել. «Չեմ կարող գուշակություններ անել, Վանգայի հետ ազգակցական կապեր չունեմ, հատուկ էքստրասենսային ունակություններով օժտված չեմ, չգիտեմ՝ բարեբախտաբա՞ր, թե՞ դժբախտաբար: Եթե վարչապետը նման հայտարարություն է անում, պետք է ենթադրել, որ ինքն ինչ-որ շատ ծանրակշիռ փաստարկներ ունի: Եթե արվում է հայտարարություն, դրան պետք է հետևեն փաստեր, որոնց էլ պետք է հետևեն իրավական գործողություններ: Այս ընթացքում այդ շղթան մենք չենք տեսնում:

Ուստի կա անհրաժեշտություն, որովհետև իր հայտարարությունը շատ լուրջ է, Հայաստանի ու Արցախի համար շատ վտանգավոր մեսիջներ պարունակող հայտարարություն է, և եթե նման հայտարարություն է արվում, ԱԺ-ում քաղաքական ուժերը պետք է տեղյակ լինեն դրա հիմքերի մասին: Ես առաջարկում եմ թեկուզ փակ հանդիպման ֆորմատով խորհրդարանական ուժերին ներկայացնել հարցերի մի մասը, որ ինքը հարմար կգտնի ներկայացնել, որպեսզի մենք էլ հասկանանք, թե այդ ինչ դավադիր ուժեր են, որ ուզում են հողերը հանձնել ու գցել կառավարության վրա, կամ փորձում են Արցախից սկսել հակահեղափոխության ալիք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել