«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիային դուրս են թողնում ԱՄՆ հետ առևտրի արտոնյալ ռեժիմ ունեցող երկրների ցանկից: Սա ամերիկա-թուրքական հարաբերության մեջ արդեն տևական ժամանակ նկատվող ճգնաժամի հերթական դրսևորումներից է: Այդ ճգնաժամի հարցում առանցքային նշանակություն ստացավ ռուսական C400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու Անկարայի որոշումը, որը արժանացավ Վաշինգտոնի, նաև ՆԱՏՕ-ի սուր քննադատությանը և առաջ բերեց պատժամիջոցի սպառնալիքներ և զգուշացումներ: Իհարկե, ամերիկա-թուրքական հարաբերության ճգնաժամը ամենևին պայմանավորված չէ լոկ այդ ձեռք բերման հանգամանքով, քանի որ խնդիրները շատ ավելի լայն ու խորքային են, և վերջին հաշվով ռուս-թուրքական այդ ռազմատեխնիկական գործարքն է ավելի շուտ բխում խորքային այդ խնդիրներից: Գործարքը առավել հասունացրեց ճգնաժամն ու ամերիկա-թուրքական հարաբերության լարումը:
Թրամփի որոշումը անկասկած լինելու է հարված թուրքական տնտեսությանը, ըստ այդմ՝ նախագահ Էրդողանի դիրքերին: Ու թեև Էրդողանը փորձում է այդ հանգամանքը ներքին օգտագործման համար կիրառել մոբիլիզացիայի համատեքստում, այդուհանդերձ Ստամբուլում ՏԻՄ ընտրությանը նրա կրած պարտությունը հուշում է, որ ԱՄՆ-ի հետ կոնֆրոնտացիայի հետևանքով տնտեսական խնդիրները ամենևին չեն փոխհատուցվում «ռազմահայրենասիրական» քարոզներով: Էրդողանն իհարկե չեղարկեց Ստամբուլի քաղաքապետի ընտրության արդյունքը, սակայն բանն այն է, որ նա կա՛մ պետք է տեղի տա և համակերպվի դիրքերի թուլացման հետ, կա՛մ գնա էլ ավելի կոշտ բռնապետական վարքագծի: Իսկ այստեղ ամենևին երաշխավորված չէ հաջողությունը, որովհետև այդ տեսանկյունից Թուրքիան մշակութայնորեն բավականին բազմաշերտ էթնոսի վրա հիմնված պետականություն է, և այդ շերտերը պահանջում են իսկապես շատ զգույշ մոտեցումներ:
Անկարան փորձում է ելք կամ աջակցություն գտնել Մոսկվայում, սակայն այստեղ էլ կա երկու հանգամանք: Նախ՝ Սոչիում տեղի ունեցավ ամերիկա-ռուսական բարձր մակարդակի շփումների հերթական ռաունդը՝ պետքարտուղար Պոմպեոյին ընդունեց ՌԴ նախագահ Պուտինը, ինչը հերթական անգամ վկայում է, որ այդուհանդերձ առկա է ամերիկա-ռուսական գործակցության բավականին նուրբ գիծ: Մյուս կողմից՝ Թուրքիայի հանդեպ ԱՄՆ ճնշման ուժգնացումը նպաստում է Անկարայի հետ շփումներում Պուտինի դիրքերի որոշակի ամրացման: Ըստ այդմ՝ դեպի Ռուսաստան Թուրքիայի ելքն իհարկե այդքան էլ միարժեք չէ, եթե հաշվի առնենք, որ ի վերջո՝ Մոսկվան և Անկարան գտնվում են ստրատեգիական հակադրության խորքային ռեժիմում, և նրանց բարեկամությունն այլ բարեկամություն չէ, քան ոխերիմ բարեկամությունը: ԱՄՆ-ն անկասկած շատ լավ է պատկերացնում այդ հանգամանքը՝ ավելացնելով ճնշումն Անկարայի վրա:
Ինչ ընթացք կունենա այդ իրավիճակը՝ կանխատեսելը դժվար է, բայց հետևելը՝ պարտադիր: Պարտադիր է բնականաբար զուգահեռ աշխատելը՝ հատկապես նկատի ունենալով մեկ այլ հետաքրքիր հանգամանք: Օրերս Երևանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայ-ամերիկյան առևտրային գործակցության պալատի նիստում ունեցած ելույթում հայտարարել էր, որ Նահանգների համար Հայաստանի հետ կապը խորքային խնդիր է, և ԱՄՆ-ն շարունակում է մնալ ինքնիշխան Հայաստանի ջատագով ու աջակից՝ աջակցելով նաև ժողովրդավարական բարեփոխումներին: Լին Թրեյսին արել էր նաև մեկ այլ հիմնարար հայտարարություն, որ Հայաստանը, արտաքին վեկտորով կողմնորոշված լինելով դեպի Ռուսաստան, արժեհամակարգային առումով Արևմուտք է: Այլ կերպ ասած՝ ԱՄՆ դեսպանը մատնանշում է, թե ինչն է կարևոր առնվազն այս փուլում Հայաստանի հարցում՝ արժեհամակարգային հենքը, ոչ թե արտաքին վեկտորը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել