168.am-ը գրում է.

«Դժվար է պատկերացնել, թե ինչպես ժողովուրդը կարող է կայացնել որոշում, և դա ինչպես են տեսնում իշխանությունները, գուցե ինչ-որ մի փուլում համապատասխան գործընթացներ նախաձեռնվեն»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին և հայկական կողմի դիրքորոշմանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին նախարարական մոսկովյան հանդիպումից հետո ԼՂ հակամարտության կարգավորման տարատեսակ ռուսական պլանների մասին ակտիվացած քննարկումների ֆոնին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը։

Նա հայտարարել է, որ շարունակում է մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծողը «ոչ մի նախագահ, ոչ մի վարչապետ, ոչ մի կառավարություն չէ»: «Ղարաբաղի հարցի ամբողջ սեփականատերը հայ ժողովուրդն է: Եվ ամբողջ հայ ժողովուրդը պետք է հստակ ձևակերպի, թե ոնց է պատկերացնում, այդ հարցի հետ ի՞նչ պետք է լինի: Եվ մենք մի մեծագույն սխալ ենք գործել Երրորդ Հանրապետության ողջ պատմության ընթացքում: Մենք փոխանակ ասենք՝ Ղարաբաղի հարցի լուծման տարբերակները պետք է լինեն մեր նախընտրական քննարկումների, բանավեճերի առանցքային դրույթներից մեկը, մենք հակառակն ենք արել, ասել ենք, որ՝ եկեք Ղարաբաղի մասին չխոսենք: Դրա համար ձևավորվել է այս անորոշության ու կասկածի մթնոլորտը»,- ասել էր վարչապետը:

Հալբախի խոսքով՝ հայկական կողմն արդեն իսկ ձևակերպել է իր նախնական պահանջները գործընթացից, որոնք դեռ չեն իրականանում. դա Արցախի մասնակցությունն է բանակցային գործընթացին։

Ըստ նրա՝ հայկական կողմը նաև ակնարկել է, որ առանց Ստեփանակերտի՝ պաշտոնապես բանակցություններ չեն լինի կարգավորման վերաբերյալ։ «Սակայն հաշվի առնելով այն տեղեկատվական պատերազմը, որն առկա է այս հակամարտության շուրջ, հասարակությունը պետք է վստահ լինի, որ իր մեջքի ետևում, գաղտնիության պայմաններում որոշումներ չեն լինի։ Գործընթացի պատասխանատուն, իհարկե, իշխանությունն է, իշխանությունը ստացել է համապատասխան մանդատ ընտրական գործընթացների արդյունքում մասնակցելու ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին և կայացնելու որոշումներ։

Դժվար է պատկերացնել, թե ինչպես ժողովուրդը կարող է կայացնել որոշում, և դա ինչպես են տեսնում իշխանությունները, գուցե ինչ-որ մի փուլում համապատասխան գործընթացներ նախաձեռնվեն։ Չի բացառվում նաև, որ սա պարզապես հռետորաբանություն է՝ հանրային տրամադրությունները հանդարտեցնելու նպատակով, քանի որ կա ընկալում, որ հայկական կողմի ավանդական պահանջները գործընթացից ունեցել են հանրային աջակցություն, և իշխանությունները վստահեցնում են, որ այդ շրջանակից դուրս չեն գալու։ Ենթադրությունները շատ կարող են լինել։ Ժամանակը ցույց կտա, թե ինչպես պետք է ձևակերպվի ժողովրդական պահանջը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ներկայիս գործընթացին, ապա վերջին պաշտոնական հայտարարություններից երևում է, որ կա պաշտոնական գործընթաց մարդասիրական ծրագրեր իրականացնելու հարցում, մյուս բոլոր կարևոր հարցերում անորոշ իրավիճակ է, և կողմերը դա գիտակցում են։ «Պարզապես իրերի ներկայիս դրությունը, որն ուղղված է պատերազմի չվերսկսմանը, ձեռնտու է կողմերին, հենց այդ պատճառով էլ ներկայումս ձգձգվում է այս օրակարգը, ընդհանուր առմամբ տեղի է ունենում մտքերի փոխանակություն։ Կողմերը խուսափում են իրավիճակի լարումից և ստեղծված իրավիճակից փորձում են քաղել առավելագույնը՝ առանց սրելու իրավիճակը։ Հուսանք, որ այդպես էլ կշարունակվի ապագայում»,- ասաց Հալբախը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել