168.am-ը գրում է.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին խորհուրդ է տվել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանց խոչընդոտների շփվելու համար անհրաժեշտ է լինել մաքսիմալ ազնիվ: Այս մասին РБК-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետը՝ պատմելով այն մասին, թե ինչպես է Զելենսկիին խորհուրդ տվել հարաբերություններ կառուցել Պուտինի հետ:

«Չեմ կարծում, որ նրա համար դժվար կլինի շփվել (խմբ.- Պուտինի հետ): Կա պայման. եթե լինես ուղիղ, ազնիվ, առանց դավերի, դժվար չի լինի: Ուղղակի պետք է ուղիղ և ազնիվ շփվել»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այդ խորհուրդը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի նախագահի հետ շփմանը: «Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ դա կգնահատի, եթե նա տեսնում է իր զրուցակիցը չի փորձում իրեն ինչ-որ բանում խաբել: Իմ համոզմամբ՝ սա բոլոր տեսակի հարաբերություններում շատ ճիշտ մոտեցում է: Գուցե դիվանագիտության մեջ ու միջազգային հարաբերություններում դա այդքան էլ ընդունված չէ, սակայն ես բոլորի հետ եմ այդպես շփվում»,- ասել է ՀՀ վարչապետը:

Ավելի վաղ Փաշինյանը թվիթերյան էջում ուկրաիներեն շնորհավորել էր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Նա համոզմունք էր հայտնել, որ նոր նախագահը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի Հայաստանի և Ուկրաինայի միջև բարեկամական հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրանան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել