168.am-ը գրում է.

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն այսօր ավագանու նիստում հայտարարեց, որ Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանն ապօրինի աշխատանքից ազատել է իր աշխատակցին, որից առաջ նա անհարիր խոսքեր է ասել նրան։

«Ասել է՝ աղջի, գնա, դիմումդ գրի։ Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյան, ի՞նչ գնահատական կտաք Ձեր վարքագծին: Պարոն Դանիելյան, ինչո՞ւ չեք ուզում գիտակցել, որ դուք նախկին իշխանության ոստիկանը չեք կարող լինել այլևս, երբ զբաղեցնում եք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, որտեղ օպեր-լիազորի վարքագիծն այլևս կիրառելի չէ»,- նշեց ավագանու անդամը։

Արձագանքելով մեղադրանքներին՝ Ավան վարչական շրջանի ղեկավար Ա. Դանիելյանը նշեց, որ նիստերի դահլիճը ՝ով է ճիշտ, ով՝ սխալ, որոշելու տեղը չէ, ուստի ստիպված է արձագանքելու ելույթին։

«Վանուհի Գալստյանը հաշվառված է եղել իրավաբանական բաժնում շուրջ 10 տարի, նա աշխատանքներ է տարել նաև քաղաքապետարանում, նախկին քաղաքապետի օգնականն է եղել շուրջ մեկ ամիս։ 2018 թվականին իմ նշանակվելուց հետո, իրավաբանական բաժինն իմ հսկողության տակ է եղել, Վանուհուն կանչել եմ ինձ մոտ, ասել եմ՝ աղջիկ ջան, որտե՞ղ կարող եմ քեզ փոխել, ասել է, որ երկու երեխա ունի, մայր, աշխատանքն իրեն պետք է։ Երկու երեխայի հետ կապված՝ ինձ խաբել է, մեկ երեխա ունի, նա խնդրել է, որ իրեն չազատեմ՝ համոզվեցի։ Ուղարկեցի Առևտրի բաժնում նստի, մինչև հասկանայի, թե ինչ տեղ է ազատվելու, որ իրեն տեղավորեմ, շատ շնորհակալ էր։ Ամբողջը հնարավոր է պարզել աշխատակազմի մնացած աշխատակիցների միջոցով, դա այսպե՞ս է եղել, թե՞ ոչ։ Իմ դաստիարակությունն ինձ երբեք թույլ չի տալիս նման արտահայտություն անել։ Ես նրան ասել եմ, որ ստի պատճառով դիմում գրի և անցնի այլ աշխատանքի»,- պարզաբանեց Ավան վարչական շրջանի ղեկավարը։

Անի Խաչատրյանն էլ հակադարձեց՝ նշելով. «Բա ազատեիք, ինչո՞ւ էիք դիմում գրել տալիս, եթե վատ աշխատող էր, ազատեիք աշխատանքից, վարչապետի մեղքը չեկավ, որ նա դրոշի համար մարդ ազատի, դուք էլ իմ մեղքը չեք գալիս, ես ձեր ազատման համար պայքարելու եմ, որովհետև դուք Հին Հայաստանի ոստիկանի վարքագիծ ունեք։ Ձեր նմաններն ինձ ոստիկանության բաժիններում ծեծի են ենթարկել»,- նշեց ավագանու անդամը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել