«ՀՀ ՍԴ-ն երեկ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ 2018թ. հոկտեմբերի 2-ին ընդունված աղմկահարույց փոփոխությունները: Այս որոշումն, ի դեպ, միանգամայն սպասելի էր գոնե մեզ համար. «Ժողովուրդ» օրաթերթը դեռ ամիսներ առաջ էր գրել, որ ՍԴ-ում մտադրված են օրենսդրական փոփոխությունները ճանաչել սահմանադրական: 

Ավելին՝ տեւական ժամանակ ՍԴ-ում այս հարցի քննարկումները հետաձգվում էին համապատասխան հիմնավորումներ գտնելու եւ մշակելու համար: Միայն թե հիշում եք` այս օրինագծի ընդունումը ժամանակին ինչպես փոթորկեց քաղաքական դաշտը` դառնալով դրամատիկ իրադարձությունների պատճառ: 

Ըստ օրինագծի` եթե ԱԺ նիստը շարունակելու խոչընդոտ կա, ԱԺ նիստը պետք է ընդհատվի, ոչ թե համարվի չկայացած: Կարծիք կար, որ դրանով այն ժամանակ ԱԺ մեծամասնությունը տեսականորեն փորձում էր խոչընդոտել վարչապետի հրաժարականից հետո ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացը։ 

Երբ պարզ դարձավ, որ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ խմբակցություններն արտահերթ նիստում կողմ էին քվեարկելու այս նախագծին, վարչապետ Փաշինյանի կոչով ԱԺ-ի մոտ հավաքվեց մի հսկա բազմություն` շրջափակելով օրենսդիր մարմինն ու «գերեվարելով» պատգամավորներին: Այս նախագծին կողմ քվեարկելու համար Փաշինյանը իշխանությունից «վտարեց» ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին: Հենց ԱԺ-ի մոտ հավաքված բազմության մոտ վարչապետը ստորագրեց այդ կուսակցությունների քվոտայով նախարար նշանակված անձանց ազատելու մասին ՀՀ նախագահին ուղղված առաջարկը: 

Եվ, ըստ էության, հենց այս նախագծի ընդունումն արագացրեց նախորդ խորհրդարանի վաղաժամկետ արձակումն ու ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ կատարվածն ապացույցն է այն բանի, որ իրենք ճիշտ էին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել