Tert.am-ը գրում է.

Արցախի հարցով բանակցությունների գործընթացն այսօր նույնքան թափանցիկ չէ, որքան թափանցիկ չէր նախորդ իշխանությունների ժամանակ: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ այս իշխանությունից հանրության ակնկալիքն ի սկզբանե եղել է բանակցություններում թափանցիկության ապահովումը:

«Այո, կա կեղծ դրույթ, որ բանակցություններն ընթանում են գաղտնի պայմաններում, բայց ես միշտ ասում եմ՝ ոչ նման կարգի և ոչ նման ֆորմատի և կարևորության հարցերը: Այսպիսի թեմաների գոնե 80 տոկոսը պետք է բացահայտ լինի: Հայաստանի հանրությունը և հայ ժողովուրդը տեղյակ չէ, թե ինչ թեմաների շուրջ են կատարվում բանակցությունները: Առնվազն այդպիսի մեկ հանդիպում եղել է՝ չհաշված մի քանի բարեկամական հանդիպումները, երկու երկրների ղեկավարների հանդիպումները»:

Հ. Մարտիրոսյանի կարծիքով՝ արցախյան հարցի բանակցություններում Հայաստանի ընտրած ճանպարհն, ի վերջո, կարող է հանգեցնել պարտության, որքան էլ լավ մտադրություններ ունենա նոր իշխանությունը: Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանը պետք է իսպառ հրաժարվի Մադրիդյան սկզբունքներից.

«Քանի դեռ Հայաստանի նոր իշխանությունները չեն հասկացել, որ Հայաստանի համար միակ լուծումը Մադրիդյան սկզբունքներից, այսինքն՝ ներկա բանակցությունների բովանդակությունից հրաժարվելն է, ոչ թե բլեֆներ անել և Արցախին դարձնել բանակցային կողմ և դրանով ճնշումների արժանանալ միջազգային հանրության կողմից, որից շատ վախենում է պաշտոնական Երևանը, քանի դեռ սա տեղի չի ունեցել, մենք ունենալու ենք ավելի ու ավելի վատթարացող իրավիճակ։

Նոր իշխանությունների մտադրությունը լավն է, բայց ընտրած ուղին նախկինի շարունակությունն է՝ բլեֆներով, ճարպիկություններով, որոնք շատ վտանգավոր են: Կարծում եմ՝ լավ մտադրություններով շատ վատ արդյունքների կարող ենք հասնել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել