Armenpress.am -ը գրում է.
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում
ավարտվեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:
«Որոշումը կհրապարակվի ապրիլի 22-ին՝ ժամը 12:30-ին: Դատարանին է ներկայացվել դատաբժշկական եզրակացության օրինակը, որն այս պահին ՀՔԾ-ում քննարկման առարկա է»,- նշեց Մկրտչյանը:
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին` պաշտպանն ընդգծեց, որ ԵԿՄ նախկին նախագահը գտնվում է շատ ծանր վիճակում:
Մկրտչյանի խոսքով՝ նա ունի կյանքի հետ անհամատեղելի հիվանդություններ, այս պահին ստանում է 110 միավոր ինսուլին, ինչը մինչ կալանավորվելը չի ստացել: Շաքարային ցուցանիշն էլ լավագույն դեպքում 24-25 է:
«Այսօր արդեն լրացավ ուղիղ 10 ամիս, ինչ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- շեշտեց փաստաբանը:
Դատական նիստը նախագահում էր դատավոր Մարինե Մելքոնյանը:
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել:
Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում: