168.am-ը գրում է․

«Կարծում եմ, որ հիմա Հայաստանի և Ադրբեջանի միջև գնում են դիրքերի ճշգրտումներ, թե ինչպիսի՞ն է լինելու քաղաքականությունը, բանակցությունների ձևաչափը: Ինչ վերաբերում է բանակցություններին Արցախի մասնակցությանը՝ Ադրբեջանը միանշանակ չի համաձայնվելու: Սա խնդիր է, որը պետք է լուծվի: Միշտ ասել եմ, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, բայց այս փուլում դա չեմ պատկերացնում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը՝ նա ասաց, որ ոչ թե տեղում դոփում են, այլ փորձում են փոխվստահություն ձեռք բերել կողմերը, հումանիտար քայլերով այդ խնդիրն ավելի բաց քննարկման դաշտ տեղափոխել, բացատրել կողմերի դիրքորոշումը:

«Փոխվստահության քայլ են ցանկանում կատարել, թե ինչքանո՞վ կհաջողի՝ ժամանակը ցույց կտա»,- նշեց Սամվել Բաբայանը:

ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարն ընդգծեց՝ իր կարծիքով՝ Արցախի հարցում վաղուց ճանապարհային քարտեզ պետք է լիներ, որտեղ օրենսդրական ամբողջ քայլերը կատարելով՝ կինտեգրվեին Հայաստանն ու Արցախը:

«Եթե կարողանայինք երիտասարդների մի մեծ հատվածի Հայաստանի տարբեր քաղաքներից պայմանագրային զինծառայող տանել, նրանք կբնակվեին, կծառայեին, բնակչության թիվը կկրկնապատկվեր, ավելին՝ ղարաբաղցի ու հայաստանցի բաժանումը կվերանար: Պետք չէ ձևական ասել՝ մի ժողովուրդ ենք, մի երկիր ենք, բայց օրենսդրական խոչընդոտներ ստեղծել: Սա ճիշտ չէ»,- նկատեց Սամվել Բաբայանը:

Խոսելով Հայաստանի ու Արցախի միացման մասին՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարն ասաց, որ այս փուլում դա սխալ է համարում:

Անդրադառնալով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին՝ Սամվել Բաբայանը նկատեց.

«Պայմանավորվածություններն ամբողջությամբ այն մասին են, որ դիտորդական խմբերը մեծացնեն, կարողանան հսկողություն պահել պատերազմ սկսելու դեպքում, կամ միմյանց կրակելու դեպքում կարողանան ֆիքսել, թե ո՞վ է կրակել, խախտել պայմանավորվածությունը:

Դրանց մասին խոսք չգնաց վերջերս, իմ կարծիքով՝ Փաշինյանը պայմանավորվել է Ալիևի հետ, դրա համար երևի չեն բերել օրակարգ: Ադրբեջանը հասկանում է, որ, եթե այսօր նման համակարգ ստեղծվի առաջին գծում, ինքն այլևս չի կարողանա պատերազմ վերսկսել, դա կֆիքսվի, դրա համար խուսափել ու խուսափելու է այս համակարգից: Իր ձեռքերն ինքը հո չի՞ կապելու: Սա գիտակցելով, իմ կարծիքով՝ Փաշինյանը գնացել է երկխոսության, որ հեռախոսով գոնե իրար զանգեն, պայմանավորվեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել