168.am-ը գրում է.

Հարցազրույց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ

-Պարոն Պետրոսյան, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը«խայտառակություն» որակեց Ձեր  ելույթը և ասաց, որ պետք է դադարեքպատգամավորներին ասել, թե  ինչ գրքեր ու օրենքներ կարդան,որովհետև Ձերկարդացած գրքերը չեն երաշխավորել,  որ ձեր խմբակցությունում լինի մարդ, որի հանդեպ քրեական գործ է հարուցվել, կամ լինի մարդ,  որը Հայաստանի երկրորդ  քաղաքն այնպիսի իրավիճակի է հասցրել, որ մինչև հիմա փոսից  չեն կարողանում հանել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Ինչ վերաբերում է իմ բացակայությամբ իմ մասին բամբասած որոշ պատգամավորներին, այդ թվում՝ ձեր նշած անձին, ես հասկանում եմ, որ իրենց համար գիրք կարդալը, գիրք կարդալու հորդոր լսելը շատ ծանր պարտականություններ են, իրենք իրենց դրանից երկար ժամանակ մեկուսացված, ազատված են համարել, դրա համար էլ այսօր բարդություններ ունեն՝ առանց կարդալու ԱԺ ամբիոնից ելույթ ունենալու հարցում: Իրենք բարդություններ ունեն իրենց պատգամավորական լիազորություններն օրենքի շրջանակներում իրականացնելու հարցում:

Եվ հավատացեք, եթե ես այդ պատգամավորներին՝ Լենա Նազարյանին կամ մյուսներին, հորդորեի, ասեի՝ ոտքով բարձրացեք Մասիս սարը և մի բուռ ձյուն բերեք, դա իրենց համար ավելի ցանկալի գործ կլիներ, քան օրենքներ կարդալը:

Իսկ ես գտնում եմ, որ չնայած ՀՀ Սահմանադրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով պատգամավորի համար իրավաբան լինելը չի սահմանվում՝ որպես պարտականություն, բայց մի բան առնվազն ակնհայտ է՝ եթե պատգամավորը չի տիրապետում երկրի հիմնական օրենքին, առավել ևս՝ չտիրապետելով հանդերձ՝ քաղաքական թիվ մեկ ամբիոնից այլակերպում և այլասերում է Սահմանադրության դրույթը, ես չեմ կարող չնյարդայնանալ՝ թե՛ որպես պատգամավոր, թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես իրավաբան:

 Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը կադրային ճիշտ քաղաքականություն չի՞ վարում:

– Վահագն Հովակիմյանը՝ որպես հարակից զեկուցող, խոսեց այն մասին, որ կառուցվածքային այս փոփոխությունները նաև նպատակ ունեն հարկատուների հարկերը խնայել, ես էլ հուշեցի, որ հարկատուների հարկերը պետք է խնայել ամբախ պատգամավորներ չունենալով, անգրագետ պետական ծառայողներ չունենալով, ինչն իրենց նյարդայնացրեց: Ես անուն չեմ տվել, չեմ ասել՝ «Իմ քայլը» դաշինք, ինչո՞ւ են իրենք հանձնառումով հանդես գալիս: Որովհետև իրենք ընդունում են, որ այդ պատգամավորներն իրենց շարքերում են: Ես անուն չեմ տվել, չեմ ասել՝ «Իմ քայլը» դաշինք, միայն ասել եմ, որ պետք է հոգ տանեն այն մասին, որ չունենանք այնպիսի պատգամավորներ, որոնք տանից դուրս են գալիս, գալիս են ԱԺ ու զբաղվում Ֆեյսբուքը քրքրելով՝ չեմ նշել, թե որ խմբակցությունից:

Իրենց հակադարձելը նշանակում է, որ խոսքը վերաբերում է հենց իրենց խմբակցության պատգամավորներին: Եթե դա այդպես է, ես չեմ զղջում իմ ասածի համար: Ավելին՝ վերահաստատում եմ իմ ասածը, որ պետական ապարատը պետք է մաքրել անգրագետ, կրթության, գիտության, կարդալու, գրքի, օրենքի հետ կապ չունեցող մարդկանցից: Եթե երկրի վարչապետը ցուցում է տալիս ընդամենը դրոշը պատին թեքած մարդուն (ընդ որում՝ երբ դա իր պարտականությունը չի) աշխատանքից ազատելու, այդ ֆոնին շատ իրավաչափ է, որ ես էլ հորդորեմ օրենքներից հեռու մարդկանց Ազգային ժողով և կառավարման համակարգ մտցնելն արգելելու համար:

-Հայտարարվեց, որ կառավարության կառուցվածքի փոփոխություններիմասին օրինագծին դեմ է  քվեարկելու «Բարգավաճ Հայաստանը»:

– «Բարգավաճ Հայաստանը»՝ մեր կուսակցության ղեկավարի բերանով, արդեն իսկ ասաց այն թիրախային կետերը, թե մենք ինչու ենք դեմ: Քանի որ հիմնականում դա զուգորդվում է մարդկանց աշխատանքից ազատելով, իսկ այսօր մի աշխատատեղ պահելը պետք է սոցիալական պետության համար կարևոր հետաքրքրություն լինի: Եթե մեր դիտողությունները, դիտարկումները կառավարությունը հաշվի առնի, բնականաբար, կարող է դիրքորոշում փոխվել: Բայց եթե իրենք նախորդ կառավարության աշխատաոճին, գործելաոճին են հավատարիմ, իրենց ընդհանրապես չի հետաքրքրում, թե ԱԺ-ում ինչ կարծիք է հնչում, ի վերուստ վերջնական տարբերակ են բերել, բնականաբար, ես՝ հավատարիմ մնալով մեր կուսակցապետի խոսքին, դեմ եմ քվեարկելու:

-  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որնպատակահարմար չեն  համարում այս պահին ուժային կառույցները դարձնելքաղաքական կառույցներ՝ հաշվի առնելով  թե՛ մեր, թե՛ տարբեր երկրներիփորձով որոշ մտահոգություններ, և առաջարկեց, որպեսզի երկու  ընդդիմադիր խմբակցությունները միանան իրենց և համատեղ մշակեն օրենքի նախագիծ, որով  ոստիկանության պետին ու ԱԱԾ տնօրենին ևս կառավարությանանդամների հետ կկարողանան  հարց ու պատասխանի հրավիրել Ազգային ժողով:

– Մենք ոչ միայն դեմ չենք, այլև կողմ ենք, որ ուժային կառույցների ղեկավարները հաշվետու լինեն ԱԺ-ին: Մենք սա բազմիցս ասել ենք:

 Դա լիարժեք խորհրդարանական վերահսկողություն կլինի՞:

– Լիարժեք խորհրդարանական վերահսկողության մասին արտահայտվելը հիմա իմաստ չունի, որովհետև մենք դեռ պետք է ճշտենք մեխանիզմները: Բայց այն, որ ուժային կառույցների ղեկավարները պետք է նաև հաշվետու լինեն ժողովրդի ձայնով ձևավորվող մարմնին, դա բազմաթիվ անգամ ասել եմ և հիմա վերահաստատում եմ:

-  Ձեր կարծիքով՝ սուպերվարչապետական համակարգը չփոխելու պատճառըո՞րն է, Փաշինյանն  ինչո՞ւ չգնաց դրան:

– Չեմ կարող ասել: Պարզապես, կարելի է արձանագրել, որ նրանց մինչընտրական և հետընտրական խոսքերի և գործերի մեջ արդեն իսկ դետալների տարբերություն կա, ինչը պետք է առաջին հերթին՝ մտահոգի Փաշինյանին: Սակայն, եթե ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ ՀՀ-ն խորհդարանական պետություն է, և նաև սահմանում է, որ խորհրդարանը վերահսկողություն է իրականացնում կառավարության գործունեության նկատմամբ, ուրեմն երկրորդ կարծիք չի կարող լինել: Օրենսդրությունը, այդ թվում՝ կառավարության կառուցվածքի մասին օրենքը, պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Հակառակը պնդելու դեպքում պետք է Սահմանադրությունը փոխենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել