Hraparak.am-ը գրում է.

Մի քանի օր է լուրեր են շրջանառվում, որ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվելու։ Նախօրեին նրան որպես կասկածյալ էին ներգրավել, սակայն օրենքը թույլատրում է 7 օրից նոր որոշում կայացնել՝ մեղադրանք առաջադրել, կամ վերացնել կասկածյալի մասին որոշումը։

Քիչ առաջ տեղեկացանք, որ այսօր Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել։ Չնայած սորոսականները եւ «Մերժիր Սերժին» շարժման իր համախոհները պայքարում էին դրա դեմ եւ անգամ ուլտիմատում էին առաջադրել վարչապետին, որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին ազատի աշխատանքից եւ հրաժարվի Դավիթ Սանասարյանին հետապնդելու մտադրությունից։

Դավիթ Սանասարյանի լիազորությունները դադարեցվել են, խափանման միջոց է ընրվել ստորագրություն չհեռանալու մասին։ 

Մեր տեղեկություններով, Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 2 հոդվածով՝ 308 հոդվածի 2-ին մասով եւ 325 հոդվածի 2-րդ մասով։ 308 հոդվածը Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը,  որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Իսկ 325 հոդվածը Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը։

Առաջին հոդվածը նախատեսում է ազատազրկում 2-ից 6 տարի ժամանակով, երկրորդ հոդվածը՝ մինչեւ 4 տարի ժամանակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել