Tert.am-ը գրում է.

Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով: ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր  հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի /ԿՏԱԿ/ տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել են  առցանց համակարգը, որը գործարկվելու է 2019 թվականի մայիսի 15-ին` ժամը 09:00-ին:

Ներկայացնելով համակարգը` ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը նշել է, որ նպատակը բոլորի համար դպրոցի ընտրության մրցակցային հավասար պայմանների ապահովումը, թափանցիկության բարձրացումն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերի չեզոքացումն է. «Հաշվի առնելով, որ առաջին դասարան ընդունվելու գործընթացի հետ կապված նախկինում եղել են դժգոհություններ` ինչպես ծնողների, այնպես էլ տարբեր դպրոցների կողմից, որոշվեց  մշակել գրանցման առցանց համակարգ, որպեսզի բոլոր ծնողները հավասար մեկնարկային պայմաններ ունենան: Առցանց համակարգն այս տարի փորձարկվելու է Երևանում և հետագայում կարող է տարածվել նաև մարզերում: Յուրաքանչյուր ծնող, աշխարհի ցանկացած ծայրից իր երեխային կարող է առցանց համակարգով գրանցել Երևանի պետական հանրակրթական դպրոցներ` առաջին դասարան հաճախելու համար»,- նշել է Լուսինե Առաքելյանը:

Նախարարի տեղակալի հավաստմամբ` համակարգի ներդրման վերաբերյալ  հանրային լայն իրազեկում է նախատեսված: Բացի այդ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության, հանրակրթության վարչությունների և ԿՏԱԿ-ի աշխատակիցները մշտապես տեղեկատվություն կտրամադրեն քաղաքացիներին` տեղեկատու հեռախոսահամարների և ֆեյսբուքյան էջի միջոցով: Լ. Առաքելյանի տեղեկացմամբ` Երևանի պետական հանրակրթական դպրոցները, տրամադրված պետական լիցենզիայի տեղերի շրջանակում, սեպտեմբերի 1-ին կարող են ընդունել 14358 առաջին դասարանցու: Կանխատեսվում է սակայն, որ մայրաքաղաքում դպրոց կհաճախի 13 հազարից մի փոքր ավելի թվով երեխա.  «Համակարգը լինելու է թափանցիկ ու հաշվետու և նախարարությունը մշտական վերահսկողության տակ է պահելու հայտագրման գործընթացը,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը և շարունակել,- Միաժամանակ` նկատի ունենալով, որ կարող են լինել քաղաքացիներ, ովքեր կունենան  համակարգից օգտվելու դժվարություններ, Երևանի վարչական շրջաններում նախատեսում ենք  ստեղծել կենտրոններ, որոնք նման քաղաքացիներին կաջակցեն  հայտագրվել»: Լ. Առաքելյանի խոսքով` աջակցման կենտրոններ են դառնալու ավագ դպրոցները` յուրաքանչյուր վարչական շրջանում մեկ ավագ դպրոց, որոնց ցանկը լրացուցիչ կհրապարակվի: Լ. Առաքելյանը հատուկ ընդգծել է, որ Երևանի հիմնական դպրոցներին հանձնարարված է որևէ ինքնիրավչության չդիմել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել