168.am-ը գրում է.

Մինչ տնտեսական ակտիվության մակարդակը Հայաստանում տարեսկզբին սպասվածից մի բան էլ բարձր է, արտաքին առևտրի շրջանառությունը, մասնավորապես՝ արտահանումը, հսկայական տեմպերով նվազում է։ Այնինչ թվում է, թե այդպես չպիտի լիներ։ Տնտեսական աճը պիտի հանգեցներ նաև արտահանման ծավալների ավելացմանը։

Ինչպես հայտնի է, տարեսկզբի երկու ամիսներին պաշտոնական վիճակագրությունը Հայաստանում ակտիվության 6,5 տոկոս աճ է գրանցել։ Բայց այդ աճը ոչնչով չի նպաստել արտահանման ավելացմանը։

Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, թե ինչի շնորիվ է գրանցվել տնտեսական ակտիվությունը։ Տարեսկզբին տնտեսությունը նստած է եղել հիմնականում երեք ոլորտների վրա` շինարարություն, ծառայություններ և առևտուր։ Խոսքը ներքին առևտրի մասին է, որը երկնիշ աճ է գրանցել` ավելի քան 11 տոկոս։ Ու որքան էլ տարօրինակ է, նույն ժամանակահատվածում արտաքին առևտուրը ոչ պակաս մեծ տեմպերով կրճատվել է։

Ստացվում է, որ տնտեսության իրական հատվածում աշխուժություն չկա, արտաքին առևտուրը, այդ թվում` ներմուծումը, կրճատվում է, ինչը սովորաբար կապված է պահանջարկի հետ, հասարակության գնողունակությունը նվազում է, բայց ներքին առևտուրը ծաղկում է։ Այդպես չի լինում։

Ուստի պետք է ենթադրել, որ գործ ունենք ոչ այնքան իրական, որքան հաշվարկային աճի հետ։ Մի բան, որը, սակայն, դժվար է ցույց տալ արտահանման դեպքում։

Արտաքին շուկաներում հայկական մատակարարումներն այս տարի դադարել են ավելանալ։ Տարեսկզբի երկու ամիսներին արտահանումը երկնիշ անկում է գրանցել։ Գրեթե 12 տոկոսով կրճատվել են արտաքին հատվածի մատակարարումները։

Սա խիստ մտահոգիչ երևույթ է՝ ինչպես ընդհանրապես տնտեսության, այնպես էլ՝ ֆինանսական հատվածի համար։

Խնդիրն ամենևին էլ հայտարարված տնտեսական հեղափոխությունը կամ տնտեսության տրանսֆորմացիան չէ, որի մասին երբեմն-երբեմն խոսում է կառավարության ղեկավարը, խնդիրը տնտեսության արտահանման պոտենցիալի և արտաքին շուկաներում երկրի մրցունակության թուլացումն է։ Եվ սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ կառավարությունն արտահանման խթանման կուրս է վերցրել` խոստանալով առաջիկա հինգ տարիներին ապրանքների և ծառայությունների մատակարարումներն արտաքին շուկաներում հասցնել ՀՆԱ 43-45 տոկոսին։

Հայաստանի արտաքին առևտրի դիրքերը թուլացել են գրեթե բոլոր հիմնական գործընկերների հետ հարաբերություններում։

Բացառությամբ բելառուսականի, ԵԱՏՄ մյուս բոլոր երկրների շուկաներում մատակարարումները նվազել են։ Ի դեպ, Բելառուսի դեպքում էական դեր է ունեցել հատկապես տրանսպորտային միջոցների վերարտահանումը։ Ինչպես հայտնի է, Հայաստանը ԵԱՏՄ-ում մինչև տարեվերջ դեռևս պահպանելու է ավտոմեքենաների ներմուծման արտոնյալ ռեժիմը, ինչն էլ հնարավորություն է տվել ներկրված տրանսպորտային միջոցների մի մասն արտահանել տնտեսական միության այլ երկրներ։

Թե ո՞րն է միասնական տնտեսական տարածքում Հայաստանի արտահանման նվազման պատճառը, և դա հատկապես ո՞ր ապրանքատեսակների մասով է եղել, այս պահին տվյալներ դեռևս չկան։ Բայց փաստ է, որ դա որևէ կապ չունի հանքարդյունաբերության հետ, որը վերջին շրջանում դարձել է կառավարության համար տնտեսական ոչ նպաստավոր ցուցանիշների արդարացման հիմնական կռվանը։ Եթե նույնիսկ ընդունենք, որ մի շարք այլ երկրների հետ հարաբերություններում մատակարարումները կրճատվել են, որովհետև դադարել է Թեղուտի շահագործումը, ապա այս դեպքում դժվար է արդարացում գտնել։

Նվազել է արտահանումը Ռուսաստան, որը հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը՝ ինչպես տնտեսական միության տարածքում, այնպես էլ՝ ընդհանրապես։ Սկսել են զգացնել տալ ՌԴ տնտեսության մեջ վերստին գլուխ բարձրացնող անցանկալի երևույթնե՞րը, թե՞ կան այլ պատճառներ, առաջիկայում հավանաբար պարզ կլինի։

Բայց այնպես չէ, որ խնդիրը միայն Ռուսաստանի հետ է։ ԱՄՆ-ի հետ արտաքին առևտրի հարաբերությունները ևս չեն փայլում ակտիվությամբ։ Կրճատվել է՝ ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը։

Տարեսկզբին Միացյալ Նահանգներ արտահանումը Հայաստանից նվազել է գրեթե 37 տոկոսով, թեև առանց այդ էլ ծավալը մի բան չէր։ Երկու ամսում այս շուկա է մատակարարվել ընդամենը 7,6 մլն դոլարի ապրանք։ Ոչ պակաս ակտիվ չի եղել նաև ներմուծման կրճատումը` գրեթե 32 տոկոս։

Մինչդեռ թավշյա հեղափոխության առաջնորդները ժամանակին մեծ հույսեր էին կապում Միացյալ Նահանգների հետ։ Այդ հույսերը ոչ միայն չեն արդարանում, այլև վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը սկսել է քննադատել ԱՄՆ-ին` հայկական ֆենոմենալ հեղափոխությանը ոչ պատշաճ վերաբերվելու համար։

Հարևան Իրանը ևս դադարել է նպաստել Հայաստանի արտահանման ակտիվացմանը։ Նախորդ տարվա համեմատ՝ այս շուկայում մատակարարումները կրճատվել են ավելի քան 3,5 անգամ.19 միլիոնի փոխարեն՝ այս տարի արտահանվել է ընդամենը 5 մլն դոլարի ապրանք։ Այնինչ ոչ վաղ անցյալում Իրան կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն այնպիսի պաթոսով էր խոսում հայ-իրանական կապերի խորացման և ընդլայնման մասին, որ տպավորություն էր, թե հաջորդ օրվանից սկսելու է Հայաստանի տարածքով իրանական գազը մտնել Եվրոպա։

Էլ ավելի տխուր է արտահանման պատկերն Արաբական Միացյալ Էմիրությունների դեպքում։ Վերջին մի քանի տարիներին այս երկիրը դարձել էր լավ շուկա հայկական ապրանքների իրացման համար, մինչդեռ իշխանափոխությունից հետ պատկերն ամբողջությամբ փոխվեց։ Անցած տարի արտահանումն ԱՄԷ կրճատվեց 28 տոկոսով։ Արդեն այս տարվա սկզբին այն պարզապես գահավիժել է։ Մատակարարումները 5 անգամ պակասել են։ Նախորդ տարվա ավելի քան 17 միլիոնի դիմաց արտահանվել է ընդամենը 3 մլն դոլարի ապրանք։

Իրավիճակը ոչնչով չի տարբերվում Եվրամիության երկրների հետ հարաբերություններում։ Պակաս է արտահանվել 36,5 մլն դոլարի ապրանք, ինչը 31 տոկոսով քիչ է նախորդ տարվանից։ Ու այնպես չէ, որ դա տեղի է ունեցել բացառապես հանքարդյունաբերական ապրանքների կրճատման հետևանքով։

Արտաքին առևտրի ոլորտում առկա այս դրսևորումները վկայում են տնտեսության մեջ տեղի ունեցող ոչ ցանկալի երևույթների մասին։ Ու որքան էլ Նիկոլ Փաշինյանը խոսում է տնտեսական հեղափոխության մասին, փաստն այն է, որ Հայաստանի տնտեսության վիճակը լավ չէ, ինչի հետևանք է նաև արտահանման նման տխուր պատկերը։ Չի կարող այնպես լինել, որ տնտեսությունը զարգանում է, իսկ արտահանումը, ինչո՞ւ չէ, նաև ներմուծումը` նման տեմպերով նվազում։

Սա լուրջ ահազանգ է իշխանության համար։ Ինչքան էլ առայժմ կառավարությանը հաջողվում է տարբեր ձևերով մոլորեցնել հասարակությանը, այնուհանդերձ իրականությունը դժվար է լինելու երկար թաքցնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել