168.am-ը գրում է.

Շաբաթվա հիմնական տնտեսական թեման կրկին «իրավաբանաթաթախ» է: Ձերբակալվել է խոշոր տնտեսվարողներից մեկի գործադիր տնօրենը: ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել, որ «Սպայկա» ընկերությունը 2014-15թթ. Լեհաստանում ու Բելգիայում սննդամթերք է ձեռք բերել և 2015թ. հունվարից մինչև 2016-ի հունվար ներկրել է Հայաստան և հարկեր չի մուծել:

Պետության վնասը պատկառելի թիվ է պաշտոնապես հրապարակվել` 7 մլրդ 36 մլն 666 հազար դրամ: Հիմա զուտ տնտեսական այս թեման դարձել է հասարակական ամենալայն քննարկումների թեմա:

Մեր հասարակությունը վերջին մի քանի տասնամյակում «չի սիրում» հարուստներին: Պետք չէ բացառել, որ դրա հիմքում օբյեկտիվ պատճառներ կան: Մյուս կողմից՝ «հարստատյացության» այս մասշտաբները, հնարավոր է, որ լուրջ հասարակագիտական վերլուծությունների կարիք ունեն: Ապագայում այն հաղթահարելու համար: Բնականաբար:

Բայց վերադառնանք կոնկրետ դեպքին: Վերադառնանք ու ճշտենք, թե մինչ այսօր ինչ պաշտոնական տեղեկատվություն կարող ենք ստանալ նույն «Սպայկայի» մասին` նույն ՊԵԿ-ի պաշտոնական կայքից: Շատ քչփորելով՝ կարելի է պարզել, որ 2014թ. այս ընկերությունը Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում 189-րդն էր` իր մուծած 617 մլն 80 հազար դրամ հարկերով:

Այնուհետև կարելի է նկատել, որ մուծված հարկերի աճին զուգընթաց՝ «Սպայկան» ամեն տարի 30-40 տեղով առաջ է շարժվել: 2015թ. այս ՍՊԸ-ն արդեն 154-րդ տեղում էր (մուծած 766 մլն 824.5 հազար դրամ հարկերով): Հաջորդ` 2016-ին առաջընթացը շարունակվել է՝ արձանագրելով 128-րդ տեղը:

Մուծված հարկերի ծավալն էլ առաջին անգամ հատել է միլիարդի սահմանը` կազմելով 1 մլրդ 815 մլն 46 հազար դրամ: 2017-ի թվերն այսպիսին են` 82-րդ տեղ և մուծված 1 մլրդ 815 մլն 46 հազար դրամ: Ա՛յ, անցած տարվա տնտեսական ցուցանիշները կարող են տարընթերցում ունենալ: Կարելի է ցանկացած եզրակացություն անել: Որովհետև մուծումները միանգամից կրկնակի աճել են:

Կարելի է, իհարկե, մոռանալ, որ նույնիսկ նոր իշխանություններն են անցած գյուղատնտեսական տարին գնահատում՝ որպես հաջող: Կարելի է նաև ասել, որ, ի տարբերություն նախորդ շրջանի, վերջապես հարկերը ճիշտ են մուծվել:

Նշենք` անցած տարի «Սպայկան» 1000 խոշոր հարկատուների ցանկում 45-րդն էր՝ իր 3 մլրդ 747 մլն 474 հազար դրամ հարկային մուծումով: Բայց ոչ ոք չի էլ ուզում ենթադրել, որ տարիներ շարունակվող աճն իր հիմքում տնտեսական բաղադրիչ ունի: Որ վերջապես ստեղծված տնտեսական (գուցե նաև` քաղաքական) իրավիճակի հետևանքով ձևավորվել է երկրի բյուջեի համար «ոսկե ձվեր ածող» կառույց:

Հասկանալի է, որ «ունեզրկենք ունեզրկողներին» կոչը հրապուրիչ է: Բայց համաշխարհային տնտեսության պատմությունն այդ կոչի տգեղ հետևանքների շարան է: Հատկապես, որ այն փորձում է իրագործվել հասարակական մասշտաբներով:

Ինձ, օրինակ, հետաքրքիր էր կարդալ ՊԵԿ-ի հայտարարության այն հատվածը, ուր թվարկված էր Բելգիայից ու Լեհաստանից ներկրված ապրանքատեսականին: Բառացիորեն ասվում է՝ «պանիր, տանձ, խնձոր, չինական կաղամբ, լոլիկ,  չինական կաղամբ, լոլիկ և այլ ապրանքներ, որոնք 01.01.2015- 11.012016թթ. ժամանակահատվածում Վրաստանի տարածքով իրականում ներմուծվել է Հայաստանի Հանրապետություն»: Միայն ի՞նձ է թվում, որ ներկայացված ապրանքատեսակը կասկածելի է: Դժվար է միանշանակ ասել, թե «այլ ապրանքներ» ասածի տակ ինչ կարելի է ենթադրել: Որովհետև դրանց ներկրելու դիմաց չմուծված հարկերը հայտարարված է 7 մլրդ-ը գերազանցող դրամ:

Անուն առ անուն նշված ներմուծված ապրանքախմբի մեջ քիչ թե շատ մեծ մասնաբաժին կարող է ունենալ պանիրը: Դժվար է պատկերացնել, որ տանձն ու խնձորը և դրանց գումարած՝ չինական կաղամբը, հնարավորություն կտա 13 ամսում պետությունից թաքցնել մոտ 15 մլն ԱՄՆ դոլարի չափ հարկ (կամ՝ մաքսատուրք):

Պաշտոնապես 2014թ. ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվել է 6.3 մլն դոլարի արժեքի պանիր ու կաթնաշոռ: 2015-ին` 5 մլն-ի, 2016-ին` 4.5 մլն-ի, 2017թ.` 5,8 մլն-ի, իսկ անցած տարի՝ 6 մլն դոլար արժեքի պանիր ու կաթնաշոռ: Այս թվերից կարևորը, թերևս, 2015-ի արդյունքն է:

Դժվար չէ հաշվարկել, որ նույնիսկ 2016թ. արժեքի հետ գումարելով՝ հնարավոր չէ ասել, որ հնարավոր էր ներմուծել այնքան պանիր, տանձ ու խնձոր, որ հնարավոր լիներ պետությունից այդքան հարկ թաքցնել: Ցանկացողներն իրենք կարող են պաշտոնապես նշված ապրանքատեսակների ցանկը վերցնել ու համեմատել:

Համեմատել վերջին տասնամյակների ներմուծումների ու արտահանումների տվյալների հետ: Համեմատել ու տեսնել, որ այս ապրանքատեսակների ներմուծման-արտահանման թվերը կտրուկ (իմա` կասկածելի) «ցատկեր» չեն գործել: Բոլոր դեպքերում մեզ հետաքրքիր գործընթացներ են սպասվում:

Պետությունն իր ողջ ուժով կանգնել է մասնավոր, բայց խոշոր (45-րդը՝ խոշոր հարկատուներից) ընկերության դիմաց: Հաղթանակի հարցում, իհարկե, ինտրիգ չկա: Միակ ինտրիգը հետևանքների ոլորտում է: Չնայած առանձին հոռետեսներ այստեղ էլ ինտրիգ չեն տեսնում: Եթե հոդվածս Fecebook-ում հրապարակեի, կհարցնեի՝ «Իսկ դուք կհանդգնեի՞ք պաշտպանել թույլին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել