Operativ.am-ը գրում է.

Մարտի 30-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի ունեցավ մշակութային միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին, որը «ProBooks» ընթերցանության ակումբի ու ՂՀ մայրաքաղաքի հայ համայնքի աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել էր Ղազախստանում ՀՀ դեսպանությունը:

Այս մասին հայտնում են դեսպանատան լրատվական ծառայությունից:

Բազմաժանր միջոցառման ընթացքում «ProBooks» ընթերցանության ակումբի անդամները, ինչպես նաև որոշ հյուրեր, հանդիսատեսին Հովհաննես Թումանյանի կենսագրության հետ մեկտեղ ներկայացրին թատերական համարներ, մուլտֆիլմեր, երաժշտական կատարումներ հայ բանաստեղծի հեքիաթների և պատմվածքների հիման վրա՝ ընթերցելով որոշ հատվածներ հայկական պոեզիայի՝ ՀՀ դեսպանության և Ակտոբեում ՀՀ պատվավոր հյուպատոսության ջանքերով լույս տեսած «Արարատի մեղմ հովերը» հատընտիրից՝ ղազախերեն թարգմանությամբ:

Ելույթ ունեցավ հայկական կիրակնօրյա դպրոցի պարային խումբը: Մշակութային երեկոյի ընթացքում անցկացված վիկտորինայի հաղթողներին, ինչպես նաև ներկա բոլոր երեխաներին ՀՀ դեսպանությունը նվիրեց հայ հեղինակի հեքիաթները՝ ռուսերեն թարգմանությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել