Hraparak.am-ը գրում է.

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի կողմից էթիկայի կանոնների խախտում է արձանագրել։ Սանասարյանը, ըստ հանձնաժողովի, խախտել է 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնները՝ «իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի եւ ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը»։ Էթիկայի հանձնաժողովն այս եզրահանգման եկել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի ներկայացրած դիմումի հիման վրա։ Խոսքը հուլիսին ԵՊՀ-ում անցկացված ուսումնասիրության վերաբերյալ Սանասարյանի հայտարարություններին է վերաբերում, որը ռեկտորը համարել էր ժամանակավրեպ, քանի որ դրանից հետո եւս 2 ամիս ուսումնասիրությունները շարունակվել են, այսինքն՝ ընթացքում ՊՎԾ պետն արել է հայտարարություններ, որոնք, ըստ Սիմոնյանի, հավասարակշռված չեն, պատշաճ մասնագիտական օբյեկտիվություն չեն ունեցել, կանխակալ են եղել ու խտրական մոտեցումներով։ ՊՎԾ պետը նաեւ ֆեյսբուքյան գրառումներ է կատարել այս թեմայով, որոնք ուղղված են եղել ԵՊՀ-ի նկատմամբ բացասական վերաբերմունք ձեւավորելուն, ինչը եւս քննության առարկա է հանդիսացել էթիկայի հանձնաժողովի կողմից։ Արդյունքում պարզվել է, որ ՊՎԾ պետն էթիկայի կանոնների խախտում է թույլ տվել։ Ի դեպ, ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանը եւս հայտարարություն արեց, որ որոշ պաշտոնյաներ գրառումներ են անում Ֆեյսբուքում, հետո գնում ստուգում են այդ կազմակերպությունները, եւ դա անթույլատրելի է։
Դավիթ Սանասարյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասաց, որ համաձայն չէ հանձնաժողովի կայացրած որոշման հետ, ուստի պատրաստվում է դատական կարգով վիճարկել այն։

«Ամեն դեպքում ուրախ եմ, որ նոր Հայաստանում էթիկայի հանձնաժողովը կարողանում է իր լիազորություններն իրականացնել, եւ ես ամեն ձեւի կնպաստեմ, որ ոչ միայն էդ հանձնաժողովը, այլեւ մնացած կառույցներն իրենց իրավասությունների շրջանակներում գործեն»,-ասաց պարոն Սանասարյանը։ Նա նաեւ այսպիսի միտք հայտնեց, որ եթե մենք փորձենք հետաքննություն անել, կտեսնենք, որ նախկինում, փաստորեն, այդ կառույցը չի գործել, ըստ էության։ Մեր հարցին, թե իր շնորհի՞վ սկսեց գործել, Սանասարյանն ասաց․ «Իմ շնորհիվ չէ, Արամ Սիմոնյանի շնորհիվ սկսեց գործել, մեր իշխանության շնորհիվ»։

Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանը, որը բոլորովին վերջերս է սեփական դիմումի համաձայն այս պաշտոնից ազատվել, մեզ հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովը նախկինում էլ է գործել, եւ այս որոշումը բոլորովին էլ բացառիկ չէ։ Նա հիշեցրեց, օրինակ, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի դեմ ընդունված որոշումը։

«Դա բացառիկ չէր, նախկինում էլ է եղել, օրինակ՝ նախկին նախարար, հետագայում մարզպետ Արամ Հարությունյանի հետ կապված, արձանագրվել է էթիկայի կանոնների խախտում, երբ որ միջոցառման ժամանակ բնապահպանների նկատմամբ ոչ հարգալից էր վերաբերվել։ Եղել են նաեւ հրապարակային ներողության դեպքեր»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։ Ինչ վերաբերում է էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշմանը, հանձնաժողովի նախկին նախագահը չցանկացավ գնահատական տալ։ Նա նաեւ չմեկնաբանեց՝ հնարավո՞ր է, որ քաղաքական ուղղորդում կամ միջամտություն լիներ այս հարցում։

«Թե՛ նախկինում, թե՛ ներկայում կոնկրետ այդ իրավասության շրջանակներում, բոլոր նախատեսված սահմաններում հանձնաժողովը եզրակացություններ տվել է, էս տեսանկյունից որեւէ արտակարգություն չեմ տեսնում։ Իսկ մնացյալ հարթությունները, անհրաժեշտ իրավական հիմքեր, կարգավիճակային առանձնահատկություններ, հիմնավորվածություն պարզապես չեմ մեկնաբանում՝ նաեւ նկատի ունենալով իմ նախկին ասոցացումը մարմնի հետ»,- ասաց տիկին Սահակյանը։

Նշենք, որ էթիկայի հանձնաժողովն այս պահին առանց նախագահի է աշխատում, նախագահի պարտականությունները կատարում է տեղակալը։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել