Tert.am-ը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարել և ներկայիս 6 ամսվա փոխարեն, միայն մեկ տարի զինվորական փորձառություն անցնելուց հետո թույլատրել զինվորին տանել մարտական հերթապահության՝ առաջնագիծ:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունից առաջացող խնդիրները, բարդությունները խորը ուսումնասիրվել են:

«Այստեղ խնդիրը նա է, որ երբ մարդը գալիս է ծառայության, ինքն ունի ադապտացիոն շրջան և դրա հետ միասին գոյություն ունի մասնագիտացման շրջան: Պարզ է, որ այն ժամանակահատվածը, որն այսօր տրվում է, դա բավարար չէ, 18 տարեկանը չպետք է լինի առաջնագծում: Առհասարակ, հաշվի առնելով նաև բոլոր բարդությունները, մենք պետք է շարունակական գնանք այն ուղով, որ առաջնագծում լինեն պայմանագրայիններ: Դա է վերջնական կետը, մենք փուլ առ փուլ անելու ենք ամեն ինչ, որ հասնենք նրան, որ ժամկետային զինծառայողները չգնան առաջնագիծ»,- նշեց խմբակցության քարտուղարը:

Գործող 6 ամսից 1 տարվան անցումը, Արման Աբովյանը խոսքով՝ տեխնիկական խնդիր է, որի լուծումը համոզված է, որ կգտնվի: Ըստ նրա՝ անցումի հետ կապված խնդիրների մասին մասնագիտական քննարկումներից հետո ավելի հստակ պատկեր կլինի:

Հարցին, թե պետությունն ի վիճակի՞ է պայմանագրայիններով առաջնագիծը պահելու ֆինանսական բեռը վերցնել իր վրա, Արման Աբովյանը պատասխանեց. «Պետության ամենառաջին ֆունկցիան այն է, որ պետք է գերակայեն ամենաօպտիմալ համակարգերը: Հասկանում ենք, որ 18, 19 տարեկան զինվորը սահմանագծում և պրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողը տարբեր են թե՛ իրենց մասնագիտականով, թե՛ բոլոր առումներով: Ի վերջո, պետության համար ավելի ձեռնտու է պայմանագրայիններ լինեն, որովհետև դա թույլ կտա նաև տնտեսել բավականին մեծ գումարներ, որոնք ծախսվում են լրացուցիչ անվտանգության որոշ կառույցների, համակարգերի համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել