Tert.am-ը գրում է.

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև սպասվելիք հանդիպմանը, և բանակցություններին Արցախի մասնակցության սկզբունքի կարևորությանը: Ըստ Աբրահամյանի՝ Արցախի բանակցությունների ուղիղ ներգրավումը հնարավորություն կտա բանակցությունները տեղափոխել առավել կառուցողական և առավել էֆեկտիվ դաշտ: Իսկ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե Արցախի վերադարձը բանակցություններին հարցը կտանի փակուղի, Աբրահամյանը համարեց ուղերձ միջազգային հանրությանը, որ հնարավոր ձախողումների պատճառն իրենք չեն, այլ իրականում հայկական կողմն է: «Ադրբեջանի դիրքորոշումը ձախողման է տանում բանակցությունների վերսկսումը, սա ուղղակի ձախողումից իրենց ապահովագրում է»,- ասաց նա:

-Պարո՛ն Աբրահամյան, առաջիկայում սպասվում է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումը, ի՞նչ սպասելիքներ կարող ենք ունենալ հանդիպումից, և արդյոք Հայաստանի մասնակցությունը բանակցություններին առանց Արցախի կարող ենք դիտարկել որպես սկզբունքներից հրաժարվում: 

-Հարցը երկու հարթության մեջ պետք է դիտարկել. առաջինը դա այն հնարավորություններն են, որ միջնորդների ջանքերով հանգեցնեն նրան, որպեսզի բանակցությունները վերսկսվեն, և երկրորդն այն օրակարգն է, ինչի շուրջ պետք է սկսեն բանակցությունները: Ինչ վերաբերում է Արցախի՝ բանակցություններին ուղիղ ներգրավմանը, այսինքն՝ այս պարագայում նախկին ֆորմատի վերականգնմանը, որտեղ սեղանի շուրջ կային երեք կողմեր, ապա դա այն կարևոր հիմք է, որը հնարավորություն կտա բանակցությունները տեղափոխել առավել կառուցողական և առավել էֆեկտիվ դաշտ: Հասկանալի է, որ Արցախի ուղիղ ներգրավման մասին հայտարարությունները 2018թ-ի մայիսից հետո չեն արվել, դրանք արվել են տարբեր փուլերում, նաև դրանից առաջ, այդքան էլ հեշտ չէ այդ ձևաչափի վերականգնումը. եթե հեշտ լիներ, դա ավելի վաղ վերականգնված կլիներ, սակայն դա չի խանգարում Հայաստանին և Արցախին ջանքերն ավելի ուժեղացնել նաև այս ուղղությամբ: 

-Ըստ էության, Արցախի իշխանություններն իրենց հերթին հայտարարում են, Արցախի ժողովուրդը ոչ մի այլ երկրի կամ կառույցի չի լիազորել իր փոխարեն որոշելու իր ճակատագիրը: Կարո՞ղ ենք դիտարկել, որ և ՀՀ-ի և Արցախի իշխանությունների միջև Արցախի խնդրի լուծման տարբեր մոտեցումներ կան: 

-Մենք մի ժողովուրդ ենք, բայց այս պարագայում, քանի որ մենք ի սկզբանե գնացել ենք անկախության ճանապարհով և աշխատում ենք Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ, ապա անհրաժեշտություն է առաջացել հանդես գալ այս դիրքերից: Հարցը Հայաստանի ու Արցախի իշխանությունների հակասության մեջ չէ:

- ՀՀ-ի իշխանությունները բազմիցս նշել են, որ առանց Արցախի որոշման որևէ արդյունք ակնկալել պետք չէ, միաժամանակ Ադրբեջանի նախագահ Ալիևն ասում է, որ իրենց համար ձևաչափի փոփոխությունն անընդունելի է, և դրանով հայկական կողմը բանակցություններով հարցը տանում է փակուղի: Այստեղ մտավախություն չկա՞, որ խնդրի հետևողական պնդումը կարող է հարցը փակուղի տանել: 

-Եթե մենք առաջնորդվենք Ադրբեջանի նմանատիպ հայտարարություններով, ապա մեզ համար նպաստավոր ոչ մի մոտեցում չպետք է առաջ քաշենք, որովհետև դրանք, բնականաբար, կարող են հակասել Ադրբեջանի ընդհանուր շահերին: Բանակցություն ասվածը դրա համար է, որպեսզի կողմերը նստեն մեկ սեղանի շուրջ, քննարկեն, ողջամտություն դրսևորեն և երկխոսության միջոցով հասնեն փոխընդունելի տարբերակի: Այսինքն՝ Ադրբեջանն այս հայտարարությամբ ավելի շատ փորձում է ապահովագրել իրեն՝ նաև ուղերձ հղելով միջազգային հանրությանը, որ հնարավոր ձախողումների պատճառը իրենք չեն, այլ իրականում հայկական կողմն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել