Azatutyun.am-ը գրում է.

Լին Մ. Թրեյսին որպես Հայաստանում ԱՄՆ դեսպան երդվել է, այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան պաշտոնական կայքը: Հաղորդագրությունում, սակայն, չի նշվում, թե երբ է սկսում իր աշխատանքը նորանշանակ դեսպանը:

Փորձառու դիվանագետը մինչ Հայաստան գալը Պետքարտուղարության՝ Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականն էր, ավելի վաղ էլ բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանում, Թուրքմենստանում, Ղազախստանում՝ Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելություններում:

Հունվարի սկզբին, ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, դեսպան Թրեյսին ընդգծված գովեստով էր խոսել Հայաստանում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխության մասին, միաժամանակ նկատել, որ Հայաստանը դեռ պետք է մեծ աշխատանք կատարի՝ ձեռքբերումներն ամրագրելու համար:

Խոսելով իր առաջիկա ծրագրերի ու գերակայությունների մասին՝ Լինն Թրեյսին խոստացել էր շարունակել իր նախորդի՝ դեսպան Ռիչարդ Միլզի առաքելությունը և սատարել հայ ժողովրդին ժողովդրավարական նկրտումների, կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ու անկախ դատական համակարգի կայացման հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել