168.am-ը գրում է.

Վիճակագրության ծառայությունը հրապարակել է «Միջին ամսական աշխատավարձ. ըստ մարզերի և Երևան քաղաքի» աղյուսակը: Հետաքրքիր է: Կարելի է դիտարկել, թե ինչպես են փոփոխվել աշխատավարձերը վերջին հինգ տարում:

Պարզել ու հասկանալ, թե ինչու է տարբերվում անվանական աշխատավարձերի չափը՝ ըստ մարզերի: Վիճակագիրներն իրենց հրապարակման հիմք են ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եկամտային հարկի և սոցիալական վճարների հաշվառման տվյալների բազան: Այլ կերպ ասած՝ հրապարակված թվերը հաշվապահական ճշտություն ունեն և հավաստիության բարձր աստիճան: 2018թ. Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 183.900 դրամ:

Եթե դուք նախկինում ոչ մի տեղ այս թեմայով տեղեկատվության չեք հանդիպել, վստահաբար կպնդեմ, որ ապրիորի ենթադրում եք, որ ամենաբարձր աշխատավարձերը «տրվում» են մայրաքաղաքում: Ուստի զարմանալու եք հաջորդ նախադասությունն ընթերցելիս: Հայաստանում ամենաբարձր միջին աշխատավարձը վճարվում է Սյունիքի մարզում` 266.506 դրամ: Մայրաքաղաքում վճարվող միջին աշխատավարձը նկատելիորեն ցածր է` 207.216 դրամ: Այս փաստը, իհարկե, բացատրություն ունի: Սյունիքում են հանքարդյունաբերության հսկաները, այստեղ են գործում մետաղաձուլական ձեռնարկությունները:

Իհարկե, պետք է հաշվի առնել նաև զինվորականների առկայությունը Սյունյաց աշխարհում: Պայմանագրային ու սպայական ծառայության զինվորականների աշխատավարձը, բնականաբար, բարձր է միջինից: Իսկ որ 200.000 դրամը գերազանցող մյուս «աշխատավայրը» մայրաքաղաքն է՝ պիտի որ զարմանք չհարուցի: Պարգևավճարների շուրջ հարկի ու անհարկի (եթե կուզեք` անարգ) քննարկումների ալիքը դեռ չի մարել: Ցավոք, մյուս բոլոր մարզերում 200 հազարանոց միջին աշխատավարձի շեմին մոտեցող չկա: Երրորդ տեղում Կոտայքի մարզն է` 140.401 դրամ միջին աշխատավարձով: Հետո արդեն հերթը հասնում է Արարատյան դաշտին: Արմավիրում միջին աշխատավարձը 136.065 դրամ է եղել, իսկ Արարատի մարզում՝ 130.695 դրամ:

Շարունակենք պարզ թվարկումը` Վայոց ձոր` 120.883 դրամ, Տավուշ` 117.571 դրամ, Լոռու մարզ` 115.907 դրամ, Գեղարքունիքի մարզ` 112.507 դրամ: Շիրակի մարզը բաց չեմ թողել:

Պաշտոնապես ամենամեծ գործազրկություն ունեցող մարզը հաջորդն է՝ 110.836 դրամ միջին աշխատավարձի չափով: Վերջինն Արագածոտնն է` 107.954 դրամ (աշխատավարձերի չափը 2018-ի միջինով չեն ներկայացված, այլ` 2018-ի վերջին եռամսյակի):

Ասեք, որ այս թվերի մեջ տրամաբանություն կա: Որքան էլ թերահավատ մոտենանք պաշտոնական վիճակագրությանը, պիտի ընդունենք, որ այն ընդհանուր պատկեր արձանագրում է: Օրինակ, այս թվերից հասկանալի է, որ արտագնա աշխատանքի մեկնողների քանակով պիտի որ առաջին տեղերում լինեն Շիրակի մարզը, Գեղարքունիքը և Արագածոտնը: Քրեագետները պիտի որ այս ցուցանիշներով բացատրեն մանր-մունր ու բնակարանային գողությունների թե՛ աշխարհագրությունը, թե՛ կատարողների ծննդավայրերը:

Իսկ հիմա պատրաստվեք ընթերցելու ամենատարօրինակ տեղեկատվությունը, որ արձանագրվել է այս ցանկում: Այստեղ արձանագրված են միջին աշխատավարձի փոփոխությունները վերջին հինգ տարիների ընթացքում: Առաջին հայացքից այն ավելի անհավատալի է, քան ցանկացած հորինվածք:

Վերջին հինգ տարիների ընթացքում, այսինքն՝ 2014թ. հետ համեմատած, միջին աշխատավարձի աճ կամ բարձրացում արձանագրվել է միայն մայրաքաղաքում և երեք մարզում: 2014թ. համեմատ՝ Երևանում աճը կազմել է մոտ 28 հազար դրամ:

Սյունիքի մարզում այն ավելի մեծ է՝ մոտ 47 հազար դրամ: Կոտայքի մարզում աշխատավարձերն ավելացել են մոտ 5000 դրամով:

Վերջինը Վայոց ձորն է` 620 դրամ: Ընդունում եմ, որ Վայոց ձորի պարագային «աճ» բառը չափազանցություն է (կամ` ճոռոմաբանություն): Բայց պատկերն այդ է: Մնացած բոլոր մարզերում աշխատավարձ ստացողները 2014-ի հետ համեմատած՝ աղքատացել են: Ամենաքիչը կրճատվել են Արարատի և Տավուշի մարզերի ցուցանիշները՝ 2 և 2.5 հազար դրամ համապատասխանաբար: Արագածոտնի մարզում միջին աշխատավարձը պակասել է 6000 դրամով: Հետո կատարվածը բնութագրվում է՝ «կարկուտը ծեծած տեղն է ծեծում» ասացվածքի համաձայն:

Արմավիրում ու Շիրակում աշխատավարձերը պակասել են մոտ ութական հազարով: Անկումների գծով բացարձակ առաջատարը Գեղարքունիքի մարզն է` մոտ 12 հազար դրամ: Կրկնում եմ, սա պաշտոնական վիճակագրություն է: Այն վարվում է ամեն տարի (եթե չեմ սխալվում՝ 2002 կամ 2003 թվականից): Եվ, որ ամենակարևորն է՝ հրապարակվում է ամեն տարի: 2018թ. գարնան ժողովրդական հուզումներն ինչով ասես չեն փորձել բացատրել: Ինձ համար սա ամենահամոզիչ բացատրության հիմքն է:

Նախկին իշխանությունները չգնահատեցին այս տվյալները: Կամ` չնկատելու տվեցին: Նորերի մասին առայժմ միանշանակ պնդում անել չի կարելի: Իսկ ժողովուրդը վիճակագրական տվյալներով չի կողմնորոշվում, այլ՝ սեփական գրպանի փողերի քանակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել