Aysor.am-ը գրում է.

Հայաստանում սրտային վիրաբուժության հիմնադիր Նորք-Մարաշ բժշկական կենտրոնն այս տարի պետությունից կստանա մոտ 941.3 մլն դրամի պատվեր՝ նախորդ տարվա 1058.0 մլն դրամի փոխարեն:

Թեև նախարար Արսեն Թորոսյանն անցած տարի պնդել էր, որ նախատեսում են սրտի ստենտավորման արժեքը նվազեցնելով խնայված միջոցներն ուղղել ստենտավորման ծավալների ու շահառուների թվի ավելացմանը, սակայն ստացվում է, որ Նորք-Մարաշ կլինիկայի ֆինանսավորումը նվազել է 116.8 մլն դրամով, որն ուղղվել է այլ ծառայությունների գնմանը, այդ թվում՝ Արսեն Թորոսյանի հետ փոխկապակցված «ՄԻԲՍ» ընկերությունից արտահիվանդանոցային ախտորոշիչ ծառայություններ գնելուն:

2018թ. հունիսին Արսեն Թորոսյանը, երբ դեռ նոր էր նշանակվել, ասուլիսում վստահեցրեց, որ վճռական է տրամադրված կոռուպցիան ու անարդարությունն արմատախիլ անելու պայքարում։ Իսկ որպես ցցուն օրինակ` նա ներկայացրել էր փաստը, թե «Հայաստանում փողերն անարդար են բաշխվել հիվանդանոցներին։ Եթե Սիսիանի բժշկական կենտրոնին պետբյուջեից հատկացվում է 2,5 միլիոն դրամ, ապա Երևանի հիվանդանոցներից մեկին՝ 5 միլիարդ դրամ»։ Հեղափոխական այդ էյֆորիկ օրերին որևէ մեկը չհամարձակվեց ստուգել հրապարակային տվյալներն ու պարզել, որ Սիսիանի ԲԿ-ն ստացել է ոչ թե 2.5 միլիոն, այլ՝ 243,2 միլիոն դրամ։ Արսեն Թորոսյանն, իր հերթին, այդպես էլ չպարզաբանեց՝ ցուցանիշը մոտ 100 անգամ նվազեցնելու փաստը միտումնավոր սուտ էր և պարզունակ մանիպուլյացիա՝ տպավորություն ստեղծելու նպատակո՞վ, թե՞ պարզապես լեզվի սայթաքում էր։

Այդուհանդերձ անցել է ութ ամիս և Արսեն Թորոսյանն արդեն ինքն է որոշում՝ ինչպես արդարացի բաշխել առողջապահական ծառայությունների գնման համար նախատեսված բյուջետային գումարները։ Եվ ահա արդարացի բաշխման արդյունքում 2019թ. համար խնդրո առարկա բուժհաստատությանը կհատկացվի 273.6 միլիոն դրամ։ Ասել է թե՝ արդարության վերականգնման համար անհրաժեշտ էր Սիսիանի ԲԿ ֆինանսավորումը 12%-ով ավելացնել՝ զուգահեռաբար Երևանի խոշորագույն պետական բուժհաստատության ֆինանսավորումը նվազեցնելով 835 միլիոն դրամով կամ 17%-ով։ Գուցեև այս պնդումը ճիշտ լիներ, եթե չլիներ մեկ հանգամանք. Արսեն Թորոսյանն, իր իսկ ձևակերպմամբ՝ «Երևանի հիվանդանոցներից մեկին»՝ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Աստղիկ» ԲԿ-ին պետբյուջեից 2019թ. համար հատկացրել է 2641.2 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա 1624.3 միլիոնին գերազանցում է 1 միլիարդով կամ 62%-ով։

Անցած տարի, երբ Արսեն Թորոսյանը դեռ նախարար չէր, «ՄԻԲՍ» ընկերությունը պետությունից ստացել էր 22.7 մլն դրամի ծառայություններ մատուցելու պատվեր, իսկ ահա 2019թ. այդ պատվերի ծավալը մեծացել է ուղիղ 1.5 անգամ և կազմել 57 մլն դրամ։ Հանգամանքը, որ Արսեն Թորոսյանը մինչ հեղափոխական կառավարության կազմում ընդգրկվելը գլխավորում էր «ՄԻԲՍ» ՍՊԸ-ն, որտեղ այսօր նրան փոխարինում է կինը՝ Վարդուհի Թևանյանը, նախարարի պնդմամբ՝ այս վերաբաշխման ընթացքում ոչ մի նշանակություն չի ունեցել։ Այդուհանդերձ զարմանալի է, որ Երևանում տեղակայված ախտորոշիչ կենտրոնին բյուջեից ավելի շատ հավելավճար է սահմանվում, քան նույն Սիսիանի բուժկենտրոնին։

Չի բացառվում, իհարկե, որ պետությունն ի դեմս առողջապահության նախարարի, որոշել է մագնիսա-ռեզոնանսային շերտագրման հարցում (իսկ «ՄԻԲՍ»-ը հենց դրանով է զբաղվում) թև ու թիկունք դառնալ սեփական քաղաքացիներին, և հավելումն էլ այդ հոգատարության արդյունք է։ Հավանաբար այդպես է։ Բայց այս դեպքում էլ զարմանալի է, թե ինչու է «ՄԻԲՍ»-ի գլխավոր մրցակից և ճառագայթային ախտորոշման ոլորտի առաջատար ընկերություններից «Արմամաքս» ՍՊԸ-ն զրկվել 111.5 մլն պատվերից։ Նկատենք, որ այն որոշ տվյալներով՝ պատկանում է նախկին նախարար Հարություն Քուշկյանին, և ծառայություններ է մատուցում «Նաիրի» ԲԿ-ում։ Ընթացիկ տարում ևս «Արմամաքս»-ը ծառայություններ կմատուցի, բայց՝ 2018-ի 204.5 մլն դրամի փոխարեն 92.9 մլն դրամ։ Ստացվում է, որ պետպատվերի մի զգալի պատառ նախորդ նախարարի ընկերությունից անցնում է գործող նախարարի հետ ասոցացվող ընկերության։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել