Tert.am-ը գրում է.

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Կառավարության հնգամյա ծրագիրը սոցիալական մասով հեղափոխական է: «Ես միշտ այն համոզմանն եմ եղել, որ աղքատությունը նախկին  իշխանությունների, նրանց մերձավոր շրջանակի կողմից օգտագործվել է ի շահ իրենց, այդ իմաստով դա նաև մտածված է եղել, և, այո, նախկին իշխանությանը ձեռնտու է եղել աղքատության այս մակարդակը: Աղքատությունը գլխից հանելը գործողություն է, դա վերաբերմունքի փոփոխություն է»: 

-Որքանո՞վ եք Կառավարության ծրագիրը սոցիալական առումով հեղափոխական համարում, և ի՞նչ կունենա քաղաքացին ծրագրի ավարտից հետո, քանի որ, ինչպես քննադատություններում է նշվում, ծրագրում թվային չափելի ցուցանիշներ չկան:

-Ծրագիրը բավականին սոցիալական է, և խոսքը միայն սոցիալական աջակցության մասին չէ: Շեշտադրում ենք մարդու կարողությունների զարգացումը, նրա զարգացումը որպես սոցիալական էակ, մենք մարդուն այդպիսին ենք ուզում տեսնել և ապահովելու ենք այդ հնարավորությունը: Իսկ սոցիալալական մասով՝ այո հեղափոխական է:

-Օրինակ, երբ գրվում է՝ կենսաթոշակները պարբերաբար ավելանալու են, պարբերաբարը ո՞րն է, ի՞նչ հաճախականության մասին է խոսքը:

-Չեմ կարող ասել, քանի որ ամեն տարվա համար ցուցանիշ նշելու սկզբունքով չենք գնացել, սակայն դա մեր առաջնահերթություններից է, քանի որ տարբեր գործոններով է պայմանավորված, բայց մեր նպատակները, ջանքերն ուղղված են նրան, որ մարդիկ ապահովված լինեն կենսաթոշակի առումով, արժանապատիվ ծերություն ունենան, և մեր աջակցությունը լինի հասցեական:

-Ստացվում է, որ կառավարության համար էլ անորոշ են այդ ցուցանիշները, այսինքն՝ ցանկությունը լավին հասնելն է, բայց թե որքան լավին և ինչպես՝ այնքան էլ չեն պատկերացնում:

-Ոչ, այդպես չէ, քանի որ ամենակարևոր ցուցանիշը մարդու բարեկեցության վրա դրական ազդեցությունն է, և մարդ կզգա իր առօրյայում, թե ինչպես է այն բարելավվելու: Նա կարողանալու է հոգալ իր կարիքները, կարողանալու է ակտիվ քաղաքացի լինել, քանի որ մենք աղքատությունը չենք դիտարկում միայն կենցաղային պայմանների առումով: Պետք է կարողանանք գտնել մարդկանց ուժեղ կողմերը և օգնել զարգացնել դրանք: Մենք ունենք բազմաթիվ զբաղվածության ծրագրեր, բայց պետք է բարձրացնենք դրանց արդյունավետությունը: Մենք չպետք է սահմանափակվենք միայն դրամական օգնությամբ, պետք է կոնկրետ գործողությունների շարք լինի, ծրագիր լինի, որ անցումը գործազրկությունից դեպի զբաղված, հասարակական ակտիվ քաղաքացի անցնցում կատարվի: Այստեղ պետք է ավելի ակտիվ օգտագործել և կիրառել մասնավոր գործակալությունների փորձը, նրանք ավելի ակտիվ են աշխատում և, կարծես թե, ավելի արդյունավետ: Այս տարի պատրաստվում ենք գրել զբաղվածության ռազմավարություն, և հույս ունեմ, որ այստեղ էլ կկարողանանք արդարացնել քաղաքացիների սպասելիքները:

-Նախկին նախարար Մանե Թանդիլյանը քննադատության ենթարկեց ծրագիրը և նշեց, որ կոնկրետ ցուցանիշներ չկան, և ծրագիրը հեղափոխական չէ, դուք կիսո՞ւմ եք նրա մտահոգությունները, քանի որ իր՝ նախարար եղած ժամանակ դուք փոխնախարար եք եղել. արդյոք պատկերացումների բախում եղե՞լ է:

-Մենք երբևէ բախում կամ նույնիսկ հակասություններ չենք ունեցել, հեշտ ենք աշխատել: Այս մտահոգությունն ընդունելի է այնքանով, որ ծայրահեղ աղքատությունն իսկապես խայտառակություն է, բայց այն իմաստով, որ շատ պարզ բաներ հաղթահարված չեն, և շատ պարզ բաների հասնելն իրոք, հեղափոխություն է մեզանում, չենք կարող ժխտել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել