Tert.am-ը գրում է.

Գործադուլ չէր, այլ մեր քաղաքապետարանի ներքին, «ընտանեկան» հարց էր, որը  լուծվել է։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի աշխատակիցների և վարորդների բողոքի ակցիային՝ նկատելով, որ քաղաքապետարան իր ՓԲԸ-ներով մեծ ընտանիք է, որտեղ կարող են լինել տարաբնույթ խոսակցություններ։ Մարությանը համակարծիք չէ, որ ակցիան իր որոշման դեմ էր։

Հիշեցնենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի աշխատակիցները և վարորդները երեկ բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով չեղարկել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրեն Էլբակ Թարփոշյանին աշխատանքից ազատելու որոշումը։

«Չեմ կարծում, որ իմ որոշման դեմ էր, քանի որ տնօրենն արդեն աշխատանքից ազատվելու դիմումը գրել էր, և մենք պետք է գլոբալ լուծում տանք։ Գիտեք՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն ունի 70 ավտոբուս, որը չի շահագործվում, բայց մենք պլանավորվում են մտցնել շահագործման՝ ի շահ մեր քաղաքացիների։ Ցանցի մեջ որոշակի փոփոխություններ կլինեն, և այդ ավտոբուսները կմտնեն շահագործման»,- ասաց նա։

Մարությանի խոսքով՝ 70 ավտոբուսից բացի կհամալրվեն նաև տրանսպորտային այն գծերը, որտեղ քանակի հետ կապված խնդիր կա։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու մինչև հիմա այդ ավտոբուսները չեն շահագործվել, արդյոք խնդիր ունեն, քաղաքապետը պատասխանեց․ «Այդ հարցն ինձ մոտ էլ է առաջացել, ավտոբուսները շատ լավ վիճակում են։ Քանի որ հիմա քաղաքային իշխանության ձեռքերը լրիվ ազատ են, ոչ մի կապվածություն չունեն ոչ մի բիզնեսի հետ, ոչ մեկի հետ որպես անհատ կամ կազմակերպություն, հանգիստ գործում են ի նպաստ մեր քաղաքացիների, և կարողանում են անել այն, ինչ չէին կարողանում անել առաջ»,- ընդգծեց Մարությանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել