168.am-ը գրում է․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական համակարգում պարգևավճարների տրամադրման խնդրի շուրջ քննարկումներում թյուրըմբռնում է տեսնում:

Այս մասին  Փաշինյանն ասաց ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

«Շատ լայնորեն քննարկվում է պետական կառավարման համակարգի պարգևավճարների թեման: Կա որոշակի թյուրըմբռնում: Պարգևավճարներն ու աշխատավարձերը վճարվում են պետական բյուջեով նախատեսված այն միջոցներից, որոնք նախատեսված են հենց աշխատավարձերի ու պարգևավճարների համար, և, ըստ էության, պարգևավճարները աշխատավարձի մաս են: Այդպիսի համակարգ է այսօր գործում ՀՀ-ում, և ամեն եռամսյակը մեկ պետական կառավարման համակարգի աշխատողների առնվազն մի մասը ստացել է պարգևավճարներ»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` ինքը նույնպես նախկինում պարգևավճարներ ստացել է, իսկ վարչապետ դառնալուց հետո հրահանգել է այդ խնդրի վերաբերյալ ոչ մի վատացնող քայլ չձեռնարկել:

«Ես լինելով ԱԺ պատգամավոր՝ միշտ ստացել եմ 13-րդ աշխատավարձ կոչվածը: Իսկ, երբ ստանձնել եմ վարչապետի պաշտոնը, ասել եմ ոչ մի վատացնող բան չձեռնարկեք՝ մինչև աշխատավարձերի հետ կապված այս թնջուկը լուծենք»,- նշեց նա:

ՀՀ վարչապետի խոսքով` պարգևավճարների խնդիրը կապված է պետական համակարգում համատարած ցածր աշխատավարձերի հետ:

«Այսօր պետական կառավարման համակարգում բարձր որակավորում ունեցող կադրեր ներգրավելու մեծ խնդիր ունենք: Մարդիկ կան, որ որոշակի որակավորում ունեն, հրավիրում ենք նախարար աշխատելու, ասում են` մեր աշխատավարձի հետ համեմատելի աշխատավարձ կտաք, կգանք: Դեպքեր կան, երբ մարդիկ 5 մլն դրամով աշխատանքի են ընդունվել, որոշակի ֆինանսական պարտավորություններ են ստանձնել, և չեն կարող ընդհուպ նախարար աշխատել, որովհետև չեն կարողանա կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է մարզպետների իրենք իրենց պարգևատրելուն՝ Նիկոլ Փաշինյանն այս հանգամանքի մեջ արտասովոր բան չի տեսնում, որովհետև գործադիր մարմնի անդամներն են պարգևատրման որոշումներ կայացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել