Tert.am-ը գրում է.

Էներգետիկ ոլորտում 2019-ի ամենակարևոր մարտահրավերներից մեկը, ըստ էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանի, երկրի ներսում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքի խնդիրն է: 

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ այսօր արդեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանը, որն ավանդաբար դիտարկվում էր որպես տարածաշրջանում էներգետիկ հզորությունների ավելցուկ ունեցող պետություն և արտահանման հզոր ներուժ ունեցող պետություն, կորցրել է իր դիրքերը։

«Մասնավորապես, բավական է նշել, որ 2016-ին ընդհանրապես էլեկտրաէներգիա չենք արտահանել վրացական ուղղությամբ, 2018-ին մի փորք բարելավել ենք դիրքերը, այն էլ այն բանի շնորհիվ, որ Վրաստանի էներգահամակարգում վթար էր տեղի ունեցել և, այո, վթարների ժամանակ, ինչպես հայտնի է, մենք ապահովում ենք այդ էլեկտրաէներգիայի մի մասը, որն անհրաժեշտ է Վրաստանին: Եթե անգամ այդ վթարն ենք դիտարկում, ապա Հայաստանից դեպի Վրաստան երբ համեմատում ենք արտահանումը, ասենք, Ադրբեջանի, ՌԴ-ի հետ, ապա տեսնում ենք, որ Հայաստանն արտահանման մասով վերջին տեղն էր զբաղեցնում և վրացական շուկայում գնալով իր դիրքերը զիջել էր ադրբեջանական և թուրքական էլեկտրաէներգիային»,- ասաց Դավթյանը։

Էլեկտրաէներգիայի արտահանման ներուժի զարգացման կամ կիրառման քաղաքականության ոլորտում ՀՀ-ն բավականին հետ է մնացել, կարծում է փորձագետը՝ շեշտելով, որ եթե գոնե 2019-2020թթ. ինչ-որ օպերատիվ քայլերի ՀՀ իշխանությունները չգնան և չփորձեն երկրի ներսում էապես նվազեցնել արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը, ապա առհասարակ դուրս կմնանք տարածաշրջանային էներգետիկ շուկաներից:

Նա մատնանշեց հատկապես Իրանի օրինակը։

«Ավանդաբար Իրանը դիտարկել ենք որպես մեր էլեկտրաէներգիայի սպառման առանցքային առարկա, դիտարկել ենք որպես դեֆիցիտ ունեցող պետություն, բայց 2017-2018թթ. ընթացքում, ի հեճուկս պատժամիջոցային քաղաքականության, Թեհրանը գնալով հզորացրեց իր էներգետիկ համակարգը, կառուցեց արդեն նոր ջերմաէլեկտրակայան 300 մեգավատ հզորությամբ, այս ընթացքում էլեկտրակայաններ կառուցեց այն տարածքներում, որտեղ պակասուրդ էր զգացվում, էլկտրաէներգիայի դեֆիցիտ էր զգացվում, և արդեն այս տարվա կեսերին՝ մոտավորապես մայիս-հունիս ամսին, հայտարարեց, որ ինքն է պատրաստ, այդ թվում՝ Հայաստանի տարածքով էլեկտրաէներգիա արտահանել դեպի Վրաստան, իսկ Ադրբեջանի տարածքով՝ դեպի ՌԴ»,- ընդգծեց նա։

Վահե Դավթյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վերջին շրջանում ավելի է խորանում էներգետիկ երկխոսությունը Իրանի և Ադրբեջանի միջև, ինչը հատկապես արտահայտվեց 2018 թվականին: Նրա խոսքով՝ հունվարից ի վեր արդեն Ադրբեջանն է էլեկտրաէներգիա արտահանում դեպի Իրան, մոտավորապես 80 մեգավատ հզորության, և խոսքն այն մասին է, որ 2019-ին այդ հզորությունը կհասնի 180 մեգավատի:

«Որպես այս երկխոսության կուլմինացիա, իհարկե, կարելի է դիտարկել Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան, որը ստորագրվեց 2018-ի օգոստոսի 12-ին, որը լրացուցիչ մեխանիզմներ և գործիքներ ստեղծեց Իրան-Ադրբեջան-Ռուսաստան, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում երկխոսությունն ակտիվացնելու և զարգացնելու համար»,- ներկայացրեց Վահե Դավթյանը։

Այստեղից, ըստ փորձագետի, ի հայտ է գալիս հաջորդ մարտահրավերը, որն այն առանցքային ենթակառուցվածքային նախագիծն է։ Ըստ Դավթյանի՝ Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքն է, որը կարծես թե կամաց-կամաց միտում ունի տեղափոխվելու դեպի Ադրբեջան:

«Սա բավական ակտիվորեն Ադրբեջանի կողմից լոբբինգ է արվում, և մենք արդեն տեսնում ենք, որ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի ներկայացուցիչներից բաղկացած, որոնք բացահայտ Հյուսիս-հարավին այլընտրանքային միջանցք ձևավորելու միտում ունեն: Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավին, ապա մենք բավականին հետ ենք ընկել աշխատանքային գրաֆիկից, օրինակ՝ Իրան-Հայաստան բարձրավոլտ ցանցը պետք է հանձնվեր դեկտեմբերին, բայց մոտ 2 ամիս առաջ եղավ պաշտոնական հայտարարություն իշխանությունների կողմից, որ այդ նախագծի ընդամենը 15 տոկոսն է պատրաստ»,- մանրամասնեց փորձագետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել