168.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոնի նստավայրում այսօր տեղի ունեցավ Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ ընդդեմ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ, և Ռ. Քոչարյանի պաշտպանական խմբի կողմի ներկայացված միջնորդությունը՝ կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ:

Դատարանը բավարարեց Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը և Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացրեց, իսկ փաստաբանների միջնորդությունը՝ գրավ կիրառելու վերաբերյալ, մերժեց։
Ռ. Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ դատարանի որոշումները, հիմնավորումները դեռ չեն տեսել։

«Դատարանը չի քննել մեր գրավի միջնորդությունը, այս պահին նոր գրավ կիրառելու միջնորդություն ներկայացնելը տրամաբանական չէ, քանի որ դատարանը դիրքորոշում է հայտնել, բայց թիմով քննարկելուց հետո եկող շաբաթվա ընթացքում, չի բացառվում, որ նոր միջնորդություն ևս մեկ անգամ ներկայացվի»,- ասաց Արամ Օրբելյանը։
Նրա խոսքով՝ ինչ-որ փուլում Եվրոպական դատարանն անպայման անդրադառնալու է Ռոբերտ Քոչարյանի գործին և կա՛մ հաստատված է համարելու մարդու իրավունքների խախատումը, կա՛մ հակառակը

«Եթե Եվրոպական դատարանը հաստատի, որ եղել է մարդու իրավունքների խախտում, հետևանքները լինելու են իմիջային, այսինքն՝ հետահեղափոխական Հայաստանը դադարելու է լինել ազատ և մարդու իրավունքների Հայաստան և դառնալու է բռնապետական երկիր՝ թղթերով հաստատված, ինչը ես շատ չեմ ցանկանում։ Բացի այդ, բարձրացվելու է նաև դրամական միջոցների խնդիր, որն ամենաակտուալը չի լինելու, քանի որ դրանք շատ բարձր չեն լինում»,- շեշտեց փաստաբանը։

Նա նաև նկատեց, որ այստեղ կա արդարադատությունից խուսափելու կոպիտ դեպք, քանի որ հարցը վերաբերում է մարդու ազատությանը, բացի այդ, գործն անհապաղ քննելու փոխարեն՝ մի քանի անգամ ձգձգել են։

Անդրադառնալով իրավապաշտպան Արթուր Սաքունցի այն հայտարարությանը, որ Նաիրի Հունանյանն ավելի քաղբանտարկյալ է, քան Ռոբերտ Քոչարյանը, Արամ Օրբելյանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել Սաքունցի հայտարարությունը: «Փաստորեն նա ևս արձանագրել է, որ նրանք երկուսն էլ քաղբանտարկյալներ են, քանի որ չի լինում շատ կամ քիչ։ Չեմ ուզում Ռոբերտ Քոչարյանին համեմատել Նաիրի Հունանյանի հետ, բայց կա կարծիքի իրավունք, և Սաքունցը կարող է նման կարծիք հայտնել»,- ասաց Ա. Օրբելյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել