168.am-ը գրում է.

Հունվարի 3-ին Ռեստորանների հայկական միության անդամները հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ մեկ օրով այցելուների առջև փակելու են բոլոր ռեստորանների դռները՝ բողոքելով շրջանառության հարկը 2 տոկոսով բարձրացնելու դեմ։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 1-ից արտոնագրային վճարը փոխարինվել էր 6 տոկոս շրջանառության հարկով, իսկ այս տարվանից սկսած՝ Հարկային օրենսգրքով սահմանված է, որ 6 տոկոսին գումարվում է ևս 2 տոկոս շրջանառության հարկ, այսինքն՝ ընդհանուր ռեստորանները պետք է վճարեն 8 տոկոս շրջանառության հարկ։ Բայց սա դեռ վերջը չէ, նույն օրենսգրքով նախատեսված է, որ 2020 թվականին 8 տոկոս շրջանառության հարկին ավելանալու է ևս 2 տոկոս, այսինքն՝ հաջորդ տարի ռեստորանները վճարելու են 10 տոկոս շրջանառության հարկ։

«Հայկական ռեստորանների միություն» խմբի համակարգող Աշոտ Բարսեղյանն այս հայտարարության հետ կապված  հունվարի 4-ին 168.am-ին տեղեկացրել էր, որ, եթե ՀՀ կառավարությունն իրենց չլսի, ապա միության անդամ հանդիսացող 100-ից ավելի ռեստորաններ հունվարի մեջ մեկ օրով կփակվեն։

Հունվարի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռեստորանների միության մի շարք ներկայացուցիչների, որի ընթացքում քննարկել են տարբեր հարցեր, այդ թվում՝ շրջանառության հարկի բարձրացման հետ կապված խնդիրներ։

«Հանդիպման ընթացքում պարզվեց, որ մենք բոլորս համակարծիք ենք, որ հուլիսի 1-ից ուժի մեջ մտած շրջանառության հարկի 6 տոկոս տոսկադրույքն այսօրվա դրությամբ ընդհանուր բնագավառի համար օպտիմալ հարկային բեռ է։ Սակայն միակարծություն չկա այն հարցի շուրջ, թե այդ բեռը որքան երկար կարող է մնալ սառեցված։ Այսինքն՝ համաձայնություն կա, որ այդ բեռը կարող է սառեցվել, սակայն համաձայնություն չկա դրա ժամկետների և հետագայում կայացվող որոշումների վերաբերյալ»,- 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ն. Փաշինյանի հետ ունեցած հանդիպմանը՝ նշեց Աշոտ Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ այս հարցում մի քանի գործոններ կան, որոնք ազդում են այդ որոշումների վրա, նախ՝ պետության պատրաստ լինելը, այսինքն՝ փաստաթղթավորման օրենքները, գյուղատնտեսության խնդիրները, և այլն, ուստի մինչև ռեստորանների շրջանառության հարկին անդրադառնալը, պետությունը պետք է այդ հարցերը լուծի։

«Այսինքն՝ պետական գերատեսչությունն իր մասով լուծում է այդ հարցը, մեր մասով էլ լուծում ենք ընդհանուր ոլորտի վերաբերյալ այն հարցը, թե որտեղ ենք տեսնում մեր շուկայի զարգացումը։ Այս երկու հարցերը մեր հաջորդ հանդիպմանը վարչապետի հետ պետք է քննարկենք և փորձենք գալ վերջնական լուծման։ Մեր այն պնդումներն ու անհանգստությունները, որ 6 տոկոսից ավելի տոկոսադրույքը ոլորտի համար ռիսկային է, կիսում է նաև պետությունը, այս մասով մենք բավարարված ենք»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Ըստ նրա, շրջանառության հարկի ներկայիս դրույքաչափի պահպանության համար խելամիտ ժամկետը 5 տարին է, քանի որ ռեստորանային բիզնեսը կառուցվում է 5 տարվա տրամաբանությամբ, ներդրումները նույնպես պլանավորվում են այդ ժամանակահատվածով։

Նա նաև տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի հետ երկրորդ հանդիպումը նախնական պայմանավորվածությամբ պետք է կայանա մեկ շաբաթ հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել