168.am-ը գրում է.

Արցախում սպասվող կադրային փոփոխությունները, որոնց մասին արդեն մի քանի օր է՝ գրում են տարբեր լրատվամիջոցներ, և որոնք ակտիվորեն հերքվում էին համապատասխան գերատեսչությունների կողմից, երեկ իրականություն դարձան:

Պաշտոնից ազատվել է Արցախի ՊԲ նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը՝ նշանակվելով Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:

Նրա փոխարեն ՊԲ ղեկավար է նշանակվել Կարեն Աբրահամյանը՝ ազատվելով Արցախի պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանով՝ գնդապետ Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:

Բակո Սահակյանի կատարած կադրային փոփոխություները, սակայն, այսքանով չեն ավարտվել. երեկվա հրամանագրով՝ Մուրադ Պետրոսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի ներկայացուցչի պաշտոնից և նրա փոխարեն նշանակվել է Կարեն Սարգսյանը:

Մեր տեղեկություններով՝ Արցախում տեղի ունեցող կադրային այս փոփոխություններն այսքանով չեն ավարտվելու և առաջիկա օրերին նոր փոփոխությունների ականատես կլինենք:

«168 Ժամի» հետ զրույցում 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող կադրային փոփոխություններին, ասել է.

«Իշխանությունները, հատկապես հակամարտության մեջ գտնվող երկրի իշխանությունները մինչ այս և մի շարք այլ ոլորտներում կադրային փոփոխությունների դիմելը ուսումնասիրություններ են իրականացնում, դիտարկում կադրային բազան և համապատասխան որոշումներ կայացնում երկար կշռադատելուց հետո։ Փոփոխությունները նորմալ «կյանքային» երևույթներ են, ռոտացիան նորմալ է, այդ ոլորտում ռոտացիա է տեղի ունենում ամենուր, այդ թվում Ռուսաստանում»:

Ըստ գեներալ-լեյտենանտի, փոփոխված բոլոր պաշտոնները չափազանց կարևոր նշանակություն ունեն Արցախի Հանրապետության անվտանգության համար։ Նա ասել է, որ իր կողմից սխալ կլինի գնահատել կադրային քաղաքականությունը և արված փոփոխությունների նպատակահարմարությունը։

Սակայն, նրա պնդմամբ, եթե արվել են փոփոխություններ, նշանակում է երկրի՝ Արցախի Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարն անընդհատ կերպով զբաղվում է Արցախի անվտանգությամբ, մտածում, թե ինչպես կարելի է կատարելագործել զինված ուժերը, բարձրացնելով մարտունակությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել