Panorama.am-ը գրում է.

«Երևանի կենդանաբանական այգում զեբրի թունավորումն ահազանգ էր, որ ներսում լուրջ խնդիր ունենք, այսինքն այգում կան մարդիկ, ովքեր ցանկանում են վնասել կենդանիներին, իրենց իսկ ամբիցիաներից ելնելով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց Հայկական բնապահպանական ճակատի անդամ, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը՝ նշելով, որ բեզոարյան այծն էլ սթրեսից է անկում ապրել։

Բնապահպանի խոսքով՝ ստեղծվեց մի հանձնաժողով, որտեղ քաղաքապետարանին կից մի քանի կենդանապաշտպան կազմակերպություններ էին, բայց կային այնպիսի կազմակերպություններ, որոնց ներկայությունը բացարձակ հարիր չէր, այսինքն նրանք ներկայացնում էին այնպիսի մասնավոր կենդանաբանական այգիներ, որոնք զբաղվում են կենդանիների վաճառքով, անօրինական պահմամբ։

«Մենք ունենք մտավախություններ, որ հնարավոր է այս պրոցեսը շարունակվի, և մարդիկ, ովքեր որ շահագրգիռ են կենդանաբանական այգու տնօրինության կառուցվածքի փոփոխությամբ, սաբոտաժ են անում, որն ազդում է հենց կենդանիների վրա»,- ասաց Սիլվա Ադամյանը։

Հանդիպմանը ներկա Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) անասնաբուժական ծառայությունների որակի գծով փորձագետ, Համաշխարհային կենդանաբուժական ասոցիացիայի (WVA) զոոնոզ հիվանդությունների հսկողության և կանխարգելման փորձագետ, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանն ընդգծեց, որ իրենք դատապարտում են այն ամեն ինչը, ինչ տեղի է ունենում այգու ներսում։

«Չենք ուզում խախտել անմեղության կանխավարկածը, բայց դատապարտում ենք հանցագործության փաստը և այն ինչ տեղի է ունենում այգու ներսում, հանցագործության ահաբեկչական տարրեր ունի իր մեջ, կենդանիները զոհ են դառնում նեղ շահերի։ Այգու բոլոր խնդիրները սկսեցին բարձրաձայնվել մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, անգամ տուբերկուլյոզի դեպքը, ինչի մասին բարձրաձայնվեց վեց ամիս անց բռկումից հետո»,- ասաց Գրիգորյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել