168.am-ը գրում է.

«Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները սպասելի էին»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում առկա նոր իրողություններին։

Հիշեցնենք, որ ՌԴ իշխանությունները ՀՀ իշխանություններին որևէ մակարդակով պաշտոնապես դեռ չեն շնորհավորել դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ Սակայն ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանը տրամադրված է կառուցողական երկխոսության ՀՀ նոր խորհրդարանի և կառավարության հետ:

«Մենք տրամադրված ենք կառուցողական երկխոսության Հայաստանի նոր խորհրդարանի և շուտով ձևավորվելիք կառավարության հետ՝ մեր երկրների միջև փոխգործակցության հետագա ամրապնդման նպատակով, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում»,- ասել էր նա:

Զախարովան տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 9-ին բարեկամ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել, որին հետևել են ռուս դիտորդները: Ըստ Զախարովայի, դիտորդների գնահատականով, ընտրություններն անցել են օրենքի շրջանակում, առանց խախտումների, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա: Նա նաև տեղեկացրել է, որ պաշտոնական արդյունքները հայտնի են դառնալու դեկտեմբերի 16-ին։

Ֆյոդոր Լուկիանովի խոսքով՝ այն փաստը, որ Ռուսաստանը չի շտապում շնորհավորել, խոսում է որոշակի վերապահման մասին, որը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո կա հարաբերություններում։

Այսինքն, ըստ նրա, կա զգուշավորություն կամ անվստահություն, խնդիրներ, որոնց աղբյուրը, ապագան ՌԴ իշխանությունների համար այնքան էլ հստակ չէ, Հայաստանում դեռ շարունակվում են ակտիվ ներքաղաքական գործընթացները, կոռուպցիայի դեմ պայքար, այդ թվում՝ ռուսական ընկերություններում, ուստի կա անթաքույց զգուշավորություն։ Ֆյոդոր Լուկիանովը հիշեցրեց, որ ՀՀ նախկին ղեկավարների հետ ևս ժամանակ առ ժամանակ խնդիրներ են ծագել և հարթվել, ինչը բնական է։

«Դիվանագիտական բառապաշարը հուշում է այն, որ շնորհավորանքը կլինի և, ամենայն հավանականությամբ, պաշտոնական տվյալների հրապարակումից հետո։ Դա կնշանակի, որ կա վստահության պակաս նախկինի համեմատ, որը, ըստ ամենայնի, պայմանավորված է ՀՀ ներկայիս իշխանությունների դիրքորոշումներով։ Սակայն ես կարծում եմ, որ սա լուրջ խնդրի չի վերաճի, հարաբերություններն էապես չեն տուժի, քանի որ Ռուսաստանը շատ դասեր է քաղել անցյալից և ներկայից, Ռուսաստանի քաղաքականությունն ավելի ռացիոնալ ու հարմարվողական է դարձել։

Եթե այդպես չլիներ, Բելառուսի հետ հարաբերությունները կլինեին ճգնաժամային, Ղազախստանի հետ՝ ևս, Հայաստանի հետ կան ներկայումս խնդիրներ, բայց Ռուսաստանը գործընկերային հարաբերություններում ընտրելու հնարավորություն է տալիս գործընկերոջը։ Սա արվում է նաև գիտակցումով, որ շատ երկրների համար Ռուսաստանն անփոխարինելի գործընկեր է, և Ռուսաստանն ունի այդ վստահության զգացումը՝ որպես գործընկեր: Հայ-ռուսական անվտանգության ոլորտում համագործակցությունը ներկայումս այլընտրանք չունի, ՀՀ իշխանությունները ելնելու են այդ առաջնահերթությունից։

Ուստի առաջիկայում, կարծում եմ՝ կողմերը կաշխատեն նորմալ մթնոլորտում, և ըստ էության որևէ ազդեցություն չի ունենա այն հանգամանքը, թե Ռուսաստանը երբ շնորհավորեց ներկայիս իշխանություններին։ Նախկին իշխանությունների հետ ժամանակի ընթացքում ստեղծվել էր նաև ջերմ մթնոլորտ, գուցե ժամանակի ընթացքումը նույնը լինի նաև այս իշխանությունների հետ։ Սա հարաբերությունների սկիզբն է, երբ երկու կողմն էլ որոշակիորեն փորձում է հասկանալ տրամադրվածությունը»,- ասաց Լուկիանովը։

Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին՝ Լուկիանովն ասաց, որ ընտրություններում գրանցվեց դասական հետհեղափոխական արդյունք, երբ իշխող ուժը ստանում է գերակշռող մեծամասնություն, ընտրազանգվածի մեծ մասի ձայները, քաղաքական դաշտը հայտնվում է նոր մարտահրավերների առջև։ Նրա համոզմամբ՝ գլխավոր հարցը ներկայումս այն է, թե ինչպես կհաղթահարվեն այդ մարտահրավերները, ինչպես Կառավարությունը կիրականացնի իր բարեփոխական և ներդրումային ծրագրերը։

«Կարևոր է նաև, թե ինչպիսի ընդդիմություն կձևավորվի քաղաքական դաշտում և ինչ դերակատարություն կստանձնի, որը կախված է լինելու այն արդյունավետությունից, որով կաշխատի ՀՀ կառավարությունը»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել