Խաղաղ հեղափոխությունից հետո Հայաստանը գնում է ընտրության, գրում է թուրքական «Բիրգյուն»պարբերականը` անդրադառնալով Հայաստանում այսօր անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Թուրքական «Սաբահ» պարբերականը, ներկայացնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը, որը հանգեցրել է արտահերթ ընտրությունների անցկացմանը, նկատում է, որ բոլոր կանխատեսումները տանում են դեպի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի հաղթանակ:
Թուրքական ամենաընթերցվող «Հյուրրիյեթ»պարբերականը նշում է, որ ըստ նախնական կանխատեսումների՝ Հանրապետական կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, 1-2 տոկոսի տարբերությամբ չի հաղթահարի խորհրդարանում հայտնվելու համար անհրաժեշտ ձայների տոկոսային շեմը:
«Հյուրրիյեթ»-ը հայտնել է, որ ըստ նախնական կանխատեսումների՝ ընտրություններին մասնակցող «Իմ Քայլը» դաշինքը կստանա ձայների մոտ 70, իսկ երկրի երկրորդ քաղաքական ուժը համարվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ մոտ 6 տոկոսը:
Պարբերականը նաև վերհիշել է Փաշինյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին մեկնաբանությունները, որոնցով նա կոչ էր արել Թուրքիային երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար որպես նախապայման չօգտագործել Արցախի հիմնախնդիրը:
Թուրքական իշխանամետ լրատվամիջոցներից «Աքշամ» պարբերականն ընդգծել է, որ Փաշինյանի ծրագրի մաս են կոռուպցիայի դեմ պայքարը, արդարադատության համակարգի բարեփոխումները, ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի շարունակումը»:
«Աքշամը» Փաշինյանին նաև անվանել է «ազգայնական» գործիչ ու նկատել, որ նա իր ելույթներում բազմիցս խոսել է Հայոց ցեղասպանության մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել