Armenpress.am-ը գրում է.

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստում գրանցեց դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Օրինաց երկիր» կուսակցության  ցուցակում ներառված Արմինե  Միշայի Բաբայանի փաստաթղթերից բացակայում էր ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարում ՀՀ-ում լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթը,  ուստի, նրա թեկնածությունը չգրանցվեց:
Մի քանի կուսակցությունների և դաշինքի ցուցակում ներառված թեկնածուներ ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել, մասնավորապես` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել  Սենիկ Սարիբեկի Էվինյանը, Արարատ Սերգեյի Գեւորգյանը, Արսեն Արամայիսի Սիմոնյանը, Կարինե Կամոյի Սարիբեկյանը, Սենիկ Սաշայի Մարգարյանը,  Արթուր Աբրահամի Մանուկյանը և Արսեն Ռուբիկի Հարությունյանը:

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Մհեր Արթուրի Գևորգյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ինքնաբացարկ էր ներկայացրել Էլյա Հովակիմյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունից՝ Անդրանիկ Հովհաննեսի Հովհաննիսյանը, իսկ «Մենք» դաշինքից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Նարեկ Լևոնի Գասպարյանը:

Ինքնաբացարկի դիմում ներկայացրած քաղաքացիները հանվել են ընտրական ցուցակից:

ԿԸՀ որոշմամբ գրանցվեցին «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան»,  Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայաստանի Հանրապետական, «Լուսավոր Հայաստան», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», «Օրինաց երկիր» կուսակցությունների, ինչպես նաև «Իմ քայլը» եւ «Մենք» կուսակցությունների դաշինքների ցուցակները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել