Tert.am-ը գրում է

Վերջապես Հայաստանը գիտակցել է, թե ինչ է նշանակում ՀԱՊԿ-ը և ինչպես պետք է նա այդ կառույցում իրեն դրսևորի: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ  ինքը պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից՝ ՀԱՊԿ-ի հետ կապված իրենց հայտարարությունների վերաբերյալ:

«Որևէ խնդիր Հայաստանը դրանից չի կարող ունենալ: Դրանք պետություններ են, որոնք մեր հակառակորդի՝ Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ունեն, և ՀԱՊԿ-ում պաշտպանում են թե՛ իրենց, թե՛ Ադրբեջանի շահերը: Դա վաղուց պարզ էր բոլորի համար, բայց Հայաստանում ընդհանուր մի մոտեցում կար՝ լռել, չխոսել: Սակայն ժամանակներն անցան և մարդիկ հասկացան, որ այդպես չպետք է անել: Այդ երկրները՝ ո՛չ Ղազախստանը, ո՛չ Բելառուսը իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Դրա համար նրանց պետք է իրենց տեղը դնել, պահանջել կարգապահություն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բելառուսի նախագահի ու Ադրբեջանի դեսպանի հանդիպմանը, որտեղ Լուկաշենկոն մանրամասներ էր պատմել ՀԱՊԿ նիստից, ասել էր․ «Դա դռնփակ ֆորմատով տեղի ունեցած նիստ է, որտեղ ռազմաքաղաքական դաշինքի ղեկավարները քննարկում են անցկացնում, դա փակ խոսակցություն է դաշնակիցների միջև: 

Եվ ես զարմացած եմ, որ 30 տարի նախագահի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ, և ես, իհարկե, պիտի պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն նրանից:

Մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Նուրսուլթան Նազարբաևը՝ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել