Tert.am-ը գրում է.

«Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողովը վերաքվեարկությունից հետո ևս չընդունեց: Նախագծի հեղինակներն են Միհրան Հակոբյանը, Գալուստ Սահակյանը և Կարինե Աճեմյանը: Նախագծին երկրորդ անգամ կողմ քվեարկեց 43 պատգամավոր, դեմ՝ 0 և ձեռնպահ՝ 14 հոգի:

Իսկ վերաքվեարկման դրվեց, քանի որ առաջին քվեարկության ժամանակ «Ծառուկյան» խմբակցությունը դեմ էր քվեարկել, հետո հայտարարել, թե թյուրիմացություն է եղել, իրենք չեն կողմնորոշվել, թե որ հարցն է դրվում քվեարկության:

Առաջին քվեարկությունից հետո ԱԺ փոխխոսնակ Շարմազանովը նշեց, որ այս նախագիծը շատ կարևոր էր: «Ես նաև զուգահեռ այլ նախաձեռնություն էի ներկայացրել, և անհասկանալի էր կառավարության բացասական վերաբերմունքը թե´ այս, թե´ իմ նախաձեռնությունների նկատմամբ: Սրա նպատակն այն էր,  որ կրոնական կազմակերպությունները, մասնավորապես, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տարածքը զերծ պահեինք բռնի բողոքներից»,-ասաց նա:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է Հայ առաքելական եկեղեցու սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում, եթե չկա Հայ առաքելական եկեղեցու համաձայնությունը, հավաքների անցկացումը սահմանափակել:

ԱԺ-ն 28 կողմ, 10 ձեռնպահ ձայներով մերժեց նույն հեղինակների «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

Իսկ մինչ այդ  ԱԺ դահլիճում բուռն քննարկում ծավալվեց: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ սա վերկուսակցական նախագիծ է, որն ապահովելու է կաթողիկոսի պետական պաշտպանությունը:



«Մենք պատշաճ ուշադրություն չենք դարձնում Հայ առաքելական եկեղեցուն, և աղանդավորական շարժումներն այս ամիսներին գլուխ են բարձրացրել, որը մտահոգիչ է»,-ասաց Շարմազանովը:

ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը հորդորեց պատկերը վերականգնել՝ տեսնելու համար, թե որ խմբակցությունը դեմ քվեարկեց: «Ուզում ենք հստակ իմանալ՝ ովքեր են մեր արժեհամակարգին դեմ»,-ասաց նա: Դեմ էին քվեարկել «Ելք» խմբակցության պատգամավորները, բացառությամբ Սասուն Միքայելյանի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել