Armtimes.com-ը գրում է.

Վճռաբեկ դատարանում այս պահին քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի դեմ ներկայացված թե՛ դատախազության եւ թե՛ պաշտպանական կողմի միջնորդությունը:

Նշենք, որ նիստի օրվա եւ ժամի մասին որեւէ տեղեկություն չի եղել: Այս պահին, մեր տեղեկություններով, նիստերի դահլիճում է նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Նիստը, սակայն, նախագահող դատավոր Լիլիթ Թադեւոսյանի որոշմամբ, անցկացվում է դռնփակ: Հիշեցնենք, որ Լիլիթ Թադեւոսյանը Մարտի 1-ի գործով դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրն է:

Հիշեցնենք, ՀՀ գլխավոր դատախազությունը օգոստոսի 20-ին բողոք էր ներկայացնել Վճռաբեկ դատարան` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Ավելի վաղ, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Վերաքննիչ որոշման դեմ բողոք էր ներկայացրել նաեւ պաշտպանական կողմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել