168.am-ը գրում է

Վերջին շրջանում տնտեսաքաղաքական զարգացումներն այնպիսի հանգրվանի են հասել, որ դժվար է այդ ամենի մեջ գոնե չնչին տրամաբանություն գտնել: Կառավարության անփորձությունն ու իրավիճակին չտիրապետելն անընդհատ զգացնել են տալիս, այդպիսով օր օրի նվազեցնելով դրական սպասումները: Այն, որ անփորձ կադրերի մոտ երբեմն խնդիրներ է լինում, և ընդհանուր քաղաքականությանը հակասող մտքեր են արտահայտում, դա ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, բայց որ ամբողջ կառավարությունը մեկը մյուսի հետևից իրար հակասող հայտարարություն է անում, դա արդեն լրիվ անտրամաբանական է:

Այսպես. Նախ՝ ՀՀ սփյուռքի նախարարը հայտարարեց, որ ներդրողները սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որից հետո վարչապետի խորհրդական Արսեն Գասպարյանը հակադարձեց՝ նշելով, որ արտահերթ ընտրությունները ներդրումների հետ որևէ կապ չունեն: Հետո, իհարկե, հրաժարվեց իր իսկ խոսքերից, որոնք տեսանյութում ակնհայտ էին՝ մեղադրելով լրագրողներին, թե իրենց սխալ են հասկացել։ Ի վերջո, իշխանությանը հաջողվեց լղոզել այս թեման՝ այն անցկացնելով թյուրըմբռնման տակ:

Արդեն հոկտեմբերի 18-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ում, իհարկե, անփորձ և ոչ պրոֆեսիոնալ չես համարի, լրագրողների հետ զրույցում նշել է, որ տնտեսությունը կանգառ է առել, և առաջիկայում տնտեսական աճը ոչ միայն կկանգնի, այլ նաև ռեգրեսի կգնա։

Անընդհատ հեղափոխական վիճակը տնտեսությանը ոչ թե խթանում է, այլ հետ է տանում:

Այս ամբողջ պատմությունն  ավելի զավեշտալի է դառնում, երբ եղածին գումարում ենք ընդամենը 10 օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2 մասանոց հայտարարությունը՝ «Պատրաստվում ենք տնտեսական թռիչքի»: Այստեղ արդեն անկախ քեզանից ուզում ես հարցնես՝ ախր, պարոն վարչապետ, քո կաբինետի ամենակիրթ ու փորձառու պաշտոնյան ասում է, որ խնդիրներ ունենք, չկա տնտեսական քաղաքականություն, տնտեսությունը կանգառի վիճակում է, տնտեսության առաջ ընթացող գնացքը կանգնեցվել է,  դու ինչպե՞ս  ես պատրաստվում տնտեսական թռիչքի:

Հիմա անդրադառնանք բուն հարցին, թե ինչո՞ւ է տնտեսությունը կանգ առել, ինչո՞ւ ներդրումները չեն գալիս մեր երկիր,  և ինչի՞ն է սպասում բիզնեսը: Հարցերը, որոնց վերաբերյալ մտահոգություն էր հայտնել նաև Դավիթ Անանյանը, իրականում ունեն  շատ պարզ և հստակ պատասխաններ:

Չկա տնտեսական քաղաքականություն: Պատասխանելով առաջին հարցին, թե ինչո՞ւ է տնտեսությունը կանգ առել, վստահաբար կարող ենք պատասխանել՝ որովհետև չկա տնտեսական քաղաքականություն, և չկա տեսլական, թե դեպի ուր ենք գնում: Եթե ամփոփելու լինենք վերջին ամիսների տնտեսական քաղաքականությունը, ապա բացի երիտասարդներին տրամադրվող հիպոթեքի տոկոսադրույքի 1 տոկոս նվազեցումից և գյուղացիներին սուբսիդիա տրամադրելուց, որևէ այլ քաղաքականություն այս կառավարությունը չի իրականացրել:

Դրանք էլ նախկին իշխանություններից եկող ծրագրեր են, որոնք այս կառավարությունն ընդամենը մի փոքր ձևափոխել է: Տնտեսության մեջ եղած միակ դինամիկան դա վարկերի և ավանդների ծավալների ավելացումն է ու անշարժ գույքի շուկայի ակտիվացումը, որոնք էլ, ինչպես բազմիցս նշվել է, տնտեսության զարգացման հետ որևէ աղերս չունեն: Հարգելի կառավարություն, բա 6 ամսվա ընթացքում ինչո՞վ էիք զբաղված, որ  առանց որևէ լուրջ գործ անելու՝ ուզում եք տնտեսությունը զարգանա:   Այդպես չի լինում, տնտեսությունը միայն խոսելով չեն զարգացնում, տնտեսությունը քրտինք ու աշխատանք է սիրում, և քանի չեք աշխատել, որևէ արդյունք անիմաստ է սպասել:

Տնտեսությունը կանգառի վիճակի բերել է կառավարությունը: Այո, տնտեսական գնացքն այսօր կանգառի վիճակում է, և այդ գնացքը կանգնեցրել է գործող կառավարությունը՝ իր կոպիտ վարչարարությամբ ու ուժային կառույցների գործողություններով: Այդպիսի բիզնես չմնաց, որ վերջին ամիսներին չստուգվի ու ամենանչնչին թերության համար անգամ հրապարակային վենդետայի տեսարան չբեմադրվի:

Չմնաց մի խոշոր գործարար, որ «մասկի շոուների» թատերաբեմում չհայտնվի, չմնաց մի ներդրող, ով նախորդ իշխանության հետ հանցավոր կապի մեջ չմեղադրվի: Ու սրանից հետո ի՞նչ ենք սպասում. որ ներդրողները գան տեսնեն, թե այս ինչ երկիր է, որ թավշյա հեղափոխությո՞ւն են արել…

Ներդրողի համար միևնույն են և հեղափոխությունը, և թավշյա հեղափոխությունը։ Ներդրողը կողքից նայում է ու հասկանում, որ ներդրում անելու դեպքում հաջորդը իր կառուցած հանքի շահագործումն են  2 տասնյակ «պիժոններ» կասեցնելու, որ հաջորդը ինքն է ասֆալտին պառկեցվելու, ու տեսնելով, որ ըստ այս իշխանության՝ Հայաստանում չկա ոչ մի արդար պաշտոնյա ու գործարար, մտածում է՝ գնամ ո՞ւմ հետ գործ բռնեմ, դրանք բոլորը խաբեբաներ ու սրիկաներ են…

Ինչի՞ն է սպասում բիզնեսը: Եվ խոսելով սպասումների մասին, պետք է հստակ արձանագրենք, բիզնեսը հաստատ խորհրդարանական ընտրություններին չի սպասում:

Բիզնեսը թքած ունի, թե ԱԺ-ում որ քաղաքական ուժը՝ քանի տոկոս մանդատներ կունենա, ով կլինի նախարարը կամ այս կամ այն վարչության պետը: Այո, բիզնեսը այսօր սպասում է, և նա սպասում է, թե երբ կավարտվեն մասկի շոուները, հարկային մարմիների ռեյդերը, երբ իրեն կթողնեն, որ հանգիստ աշխատի և զարգացնի տնտեսությունը:

Եվ, իհարկե, սպասում է նաև, որպեսզի հասկանա, թե ինչ է անում կառավարությունը,  ամիսներ խոսելուց հետո, ի վերջո, լինելո՞ւ է հարկային բարեփոխում, թե՞ ուղղակի խոսելու ենք, ու վերջ, լինելո՞ւ է արդյոք հստակ տնտեսական քաղաքականություն, թե՞ այդպես էլ միայն խոսելու ենք: Այս 5 ամիսների ընթացքում այնքան է խոսվել բարեփոխումներից, քաղաքականությունից, որ արդեն կորցրել եք աշխատելու կարողությունը: Ու այստեղ ցանկանում ես վերջին հռետորական հարցն ուղղել կառավարությանը. բիզնեսը սպասում է կառավարության գործողություններին, իսկ դո՞ւք ինչին եք սպասում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել