168,am-ը գրում է

«Թեև հեղափոխությունը ի նպաստ ժողովրդի էր, բայց շատերը բռնատիրության մեջ են ձեզ մեղադրում»,- այսօր Բեյրութում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դիմեց լիբանանահայ համայնքի հետ հանդիպման մասնակից Շիրակ Ջելեջյանը: Նա անուններ չնշեց, սակայն ասաց, որ կայքերի վրա է առկա բռնատիրություն:

«Ոչ մեկին ոչ մի բանում համոզելու անհրաժեշտություն չկա, որովհետև իրականությունն այդպես չէ և իրականությունն ինքն իրեն կապացուցի ժամանակի ընթացքում, հիմա էլ ապացուցում է: Ժողովրդավարությունն այլընտրանք չունի, բացառում եմ, որ որևէ ընտրություն թեկուզ մեկ քվեով կեղծվի,- հակադարձեց Ն.Փաշինյանը ու շարունակեց,- Հայաստանում մամուլն այնպես ազատ չի եղել, ինչպես այսօր է, տնտեսական գործունեությունն այնպես ազատ չի եղել, ինչպես այսօր է, քաղաքական գործունեությունն այնքան ազատ չի եղել, ինչքան այսօր է»:

Ըստ նրա՝ ՀՀ կառավարությունն այսօր ունի ժողովրդի շատ մեծ աջակցությունը, որը աննախադեպ է Երրորդ հանրապետության պատմության մեջ, բայց դրանում բացասական բան չկա, դա ժողովրդի դոմինանտությունն է, ոչ թե կառավարության:

Փաշինյանն անկեղծացավ, որ չի ուզում իր կուսակցության վարկանիշն ընկնի, բայց հավելեց, որ քաղաքականության մեջ երբևէ գալիս է պահ, երբ պետք է հեռանաս իշխանությունից: Նա նշեց, որ իր ղեկավարած իշխանության ամենամեծ առաքելությունը համարում է այն, որ ընտրությունների միջոցով այն հեռանա իշխանությունից և իշխանությունը փոխանցի այն քաղաքական ուժին, որ կստանա ժողովրդի վստահության քվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել