168.am-ը գրում է.

Հայկական հեղափոխությանը հաճախ մեղադրում են այն հարցում, որ սա ընդամենը իշխանափոխություն էր, քանի որ չբերեց փոփոխությունների մարդկանց մտքերում։ Այդ մասին անգամ ակնարկեց ԱՄՆ հեռացող դեսպանը Նիկոլ Փաշինյանի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ։

Նման պնդումները իրականությանը չեն համապատասխանում, քանի որ ականատես ենք մարդկանց վարքագծի այնպիսի փոփոխությունների և հասարակական կապերի այնպիսի մոդիֆիկացիայի, որոնք զուտ այս հեղափոխության արդյունք են։ Փոխվել են համակեցության կանոնները, վերանում են հին արժեքները, դրանց փոխարեն՝ հայտնվում են նորերը, որոնք, ենթադրվում է, թե պետք է կազմակերպեն հանրապետության և նրա քաղաքացիների կյանքը հեղափոխության արդյունքում։

Որպես նոր հանրային մտածողության ամենաակնառու անակնկալ՝ պետք է նշել հայհոյանքի հանրայնացումը՝ որպես ոչ միայն միջանձնային հարաբերությունների նորմ, այլև ներքին քաղաքականության գործիք։ Ֆեյսբուքում թափառող որոշ անձինք աչալուրջ կանգնած են՝ որպես հեղափոխության հաղթանակի պաշտպան, որպեսզի կառավարության հասցեին հայտնվող քննադատություններին անմիջապես պատասխանեն հայհոյանքներով։ Ընդ որում, թեև նրանց մեջ գերակշիռը ֆեյքերն են՝ կեղծ օգտատերերը, սակայն կան նաև իրական անձինք։ Միաժամանակ, սկսելով ինչ-որ տեղից, որտեղ հանվում են բարոյական սհմանափակությունները և թելադրվում են նոր խաղի կանոնները, այն պարարտ միջավայր է ընկնում և շարունակում է տարածվել շղթայական ռեակցիայի էֆեկտով։ Ֆեյսբուքը նաև կարող է դիմազրկել օգտատերին, իսկ վիրտուալ տարածությունը տալիս է իրականության կեղծ համարժեքություն, և շատերն այստեղ դառնում գերհամարձակ ու հագուրդ են տալիս իրենց թաքնված բարդույթներին։

Ֆեյսբուքի անգամ ամենապարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ այս երևույթի պատասխանատուները մի կենտրոնից կառավարվող, և, ըստ ամենայնի, նույն կենտրոնից ֆինանսավորվող անձինք են, որոնք գործում են կազմակերպված և ըստ հրամանատարների հրահանգի՝ հարձակվում են այս կամ այն մեկնաբանության վրա։ Ֆեյսբուքի վերլուծությամբ դժվար չէ անգամ պարզել, թե ովքեր են հրամանատարները։

Կարծիքների արտահայտման այս մեթոդաբանությունն իրական շոկ է քաղաքական գործիչների և մամուլի ներկայացուցիչների համար, որոնք համարում էին, որ հասարակությունը մերժում է հանրային հայհոյանքը և պարսավանքի ենթարկում այն կիրառողներին։ Մինչդեռ ներկայումս հայհոյանքը ստացել է այնպիսի ինտենսիվություն, որ նրան դիմագրավելը դարձել է անհնար: Հայհոյանքն իր մեծաքանակության պատճառով արդեն մերժվածի կատեգորիայից դառնում է միջանձնային հարաբերությունների նորմ։

Այս երևույթն ունի մի քանի արմատ։ Նախ, հեղափոխության հիմնական գործիքի՝ ամբոխի, շատ ներկայացուցիչների համար հայհոյելու արգելքը բավականին թույլ է, և բարոյական պայմանականությունների նվազեցման դեպքում նրանք դիմում են իրենց համար ամենահարազատ արտահայտչամիջոցներին։ Միտինգային տրամաբանության համար անխուսափելի «ասֆալտին պառկեցնելը» և «պատերին ծեփելը» որոշակի խմբերի համար տրանսֆորմացվում են «քֆուրների»։

Ինտերնետի և սոցիալական ցանցերի մոնիտորինգը նոր երևույթ չէ հայ իրականությունում։ Միշտ էլ Հայաստանն աչալուրջ հետևել է ադրբեջանական մամուլին և բլոգերներին, ու անհրաժեշտության դեպքում արդյունավետ հակազդել նրանց քարոզչությանը։ Սակայն այժմ նկատելի է ադրբեջանցիների թափ հավաքող սանձարձակությունը, ինչը կարող է նշանակել, որ արտաքին թշնամու համար նախատեսված զենքն այժմ ուղղված է «հեղափոխության թշնամիների» դեմ։

Այս երևույթը չի դատապարտվում երկրի քաղաքական ղեկավարության կողմից, ինչի հետևանքով այն համարվում է նորմ, և դա նույնպես նպաստում է հայհոյախոսության տարածմանը։ Թեև հայհոյանքի երևույթը բարեհարմար է հեղափոխության հաղթարշավի համար, սակայն դրա ավարտից հետո բավականին դժվար է լինելու վերականգնել այս աղճատված բարոյական նորմը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել