Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակի կապակցությամբ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ուղերձում ասված է.

«Վեհափա՛ռ Տեր,

Ձեր ձեռնադրման 50-ամյակը նշանակալի իրադարձություն է Հայ Առաքելական Եկեղեցու, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Հայրենիքի և Սփյուռքի բազմաթիվ օջախների համար:

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ այս հիշարժան հոբելյանի կապակցությամբ և մաղթում քաջառողջություն ու արևշատություն Ձեզ՝ Ձերդ Սուրբ Օծություն, զորացում ու բարգավաճում՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը և նրա թեմերին:

Արցախում գիտեն և բարձր են գնահատում Ձեր՝ որպես կաթողիկոսի, հոգևորականի, հասարակական գործչի, հայրենանվեր մարդու երկարամյա գործունեությունը՝ ուղղված մեր ազգային եկեղեցու ծաղկմանն ու զարգացմանը, սփյուռքում հայապահպանությանը,  ազգային ու հոգևոր արժեքների պահպանմանն ու տարածմանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը: Դուք մեծածավալ ազգանպաստ գործունեություն եք իրականացնում կրթական-հայագիտական  ծրագրերի, միջեկեղեցական և միջկրոնական կապերի ընդլայնման ու խորացման ուղղությամբ:

Թե օրհասական պահին և թե հաղթական ժամին Դուք եղել եք միշտ մեզ հետ, մեր կողքին ՝ Ձեր գործուն աջակցությունն ու օժանդակությունը բերելով արցախցիներին, օգնելով լուծել մեր երկրի առջև ծառացած բազմաբնույթ խնդիրները, ապավեն լինելով բազմաթիվ փորձությունների միջով անցած և իր ճակատագիրն ինքնուրույն կերտող մեր ժողովրդին:

Վեհափա՛ռ Տեր,

Ընդունեք կրկին իմ խորին հարգանացս հավաստիքը և լավագույն բարեմաղթանքները Ձեր ձեռնադրության 50-րդ տարեդարձի կապակցությամբ: Թող ամենազոր Աստված միշտ պահապան լինի Ձեզ, Մայր Եկեղեցուն և աշխարհասփյուռ հայ ժողովրդին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել