Armenpress.am-ը գրում է․

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրենը նշեց, որ ակնկալում է, որ այս ընտրություններն արտահայտելու են ժողովրդի կամքը և ժողովրդի տված քվեով ընտրվելու է Երևանի քաղաքապետ:

«Որևիցե մեկի մոտ կասկած չի լինելու այս ընտրության առումով»,- ասաց նա:

Սեպտեմբերի 22-ին ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում ոստիկանության անցկացրած խուզարկության մասին հարցին ի պատասխան ԱԱԾ տնօրենն ասաց, որ այդ գործառույթները ոստիկանությանն են, ոչ թե ԱԱԾ-ինը:

«ԱԱԾ-ն, իմ կարծիքով, չպետք է խառնվի ընտրական գործընթացներին, և եթե մեր ոստիկանությունն աշխատում է, ես չեմ կարծում, որ մենք պետք է միջամտենք»,- ասաց Վանեցյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակի գրասենյակում սեպտեմբերի 22-ին ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով տեղեկացնում էր ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, ով տեսանյութեր է տեղադրել սոցիալական ցանցի իր էջում:

Ոստիկանությունից ահազանգ են ստացել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տվյալ վայրում ընտրակաշառք է բաժանում, ինչին անմիջապես արձագանքել են:

Իվետա Տոնոյանի «Ֆեյսբուք»-ի էջում տեղադրված տեսանյութերից մեկում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն ընդգծում է, որ սուտ մատնության դեպքեր են եղել առ այն, թե իրենց մոտ ընտրակաշառք են բաժանում: Նաիրա Զոհրաբյանը պնդեց, որ սուտ մատնության նման դեպքեր էլի են եղել, սակայն համապատասխան  հոդվածով որևէ քրեական գործ չի հարուցվել:

Զոհրաբյանի գնահատմամբ՝ այս ամենի նպատակը մեկն է՝ կազմալուծել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և իրենց ակտիվիստների աշխատանքը:

Երևանում մեկնարկել է ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը: Ժամը 08:00-ից բացվել են Երևանի բոլոր ընտրական տեղամասերի դռները:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն: Ընտրություններին կմասնակցեն «Ժառանգություն» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան), «Լույս» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյան), «Երևանի հանրություն» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյան), ԲՀԿ-ն (քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյան), «Իմ քայլը» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Հայկ Մարության), «Հայկազունիներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյան), «Երկիր Ծիրանի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյան), «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյան), ՕԵԿ-ը (քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյան), ՀՅԴ-ն (քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյան), «Ռեֆորմիստներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյան), «Երևանցիներ» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյան):

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 848 հազար 343 քաղաքացի:  Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն, որից հետո կմեկնարկի ձայների հաշվարկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել