«Նոր Սերունդ» հասարակական կազմակերպությունը հայտարարում է ոստիկանության բաժանմունքում ոստիկանության ծառայողների կողմից միասեռականներին ծեծելու մասին և պատրաստվում է դիմել Հատուկ քննչական ծառայություն։

«Ոստիկանությունը հակասահմանադրական գործողություններ է իրականացրել. հրապարակել է մի նյութ, որտեղ տեսանելի են մարդկանց դեմքերը, հրապարակել է անձնական տվյալներ։ Այդ պարագայում ինքնության բացահայտման մասին է խոսքը և բացի այդ, ոստիկանությունը անմեղության կանխավարկածի խախտում է անում», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նոր Սերունդ» հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Գաբրիելյանը։

Բացի այդ, նրա խոսքով, ոստիկանությունն իր հաղորդագրության մեջ և տեսանյութում օգտագործել է «համասեռամոլներ» եզրույթը, ինչը սխալ է։

Նկատենք, որ հաղորդագրությունը տարածելուց հետո ոստիկանությունը տեսանյութի վերնագիրը փոխել էր։
Գաբրիելյանն ասաց, որ իրենց տեղեկություններով, ոստիկանության բաժանմունքում նույնասեռական անձանց նկատմամբ իրականացվել է բռնություն։

«Այս պահի դրությամբ մեր փաստաբանները աշխատում են, որ ոստիկանության դեմ Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում ներկայացվի հանցագործության մասին։ Դեպքին ներկա անձանցից մեկը կգա մեր գրասենյակ և կպատրաստվեն ՀՔԾ դիմելու համար», - ասաց Գաբրիելյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել