Այսօրվա միջադեպը եկավ հաստատելու, որ իշխանությունները ունակ են քաղաքական հետապնդումներ իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ, հատկապես նրանց, ում քաղաքական կշիռն ու հեռանկարները իրենց համար լուրջ անհանգստությունների առիթ են հանդիսանում։ 

Այս մասին ասվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարության մեջ։ 

Հայտարարությունը մեջբերում ենք ստորև. «Ինչպես գիտեք, այսօր, ժամը 12:00 «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում պետք է կայանար ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որին հրավիր­ված էին հայաստանյան բոլոր ԶԼՄ-ները:  

Ակնկալվում էր, որ ասուլիսի ընթացքում պետք է արվեին կարևոր քաղաքական հայտարարություններ և տրվեին բազմաթիվ հարցերի պատասխան­ներ: Սակայն մի խումբ մարդիկ, ովքեր հանրությանը քաջա­ծա­նոթ են որպես մերձիշխանա­կան ակտիվիստներ և Նիկոլ Փաշինյանի մտերիմներ ու զինակիցներ, խանգարեցին դրա անցկացմանը և տեսախցիկների առաջ էժանագին բեմականացում խաղարկեցին` ներկայա­նա­լով որպես «զայրացած ժողովուրդ»:

Սո­ցիա­­լա­կան ցանցերում ու մամուլում արդեն հայտ­նվել են հիմնական «դերասան­ների» անունները, և նրանց ով լինելը տեղի ունեցածի պատվիրատուի մասով  որևէ կասկած չի թողնում: 

Այսօրվա` լավ ծրագրավորված ու կազմակերպված միջադեպը կարելի էր գնահատել որպես մանր խուլիգանություն և մեծ ուշադրություն չդարձնել դրան: Պարզ է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այսպես թե այնպես, նոր ասուլիսի կամ հարցա­զրույցի միջոցով կհրապարակի իր տեսակետները քաղաքական ամենաարդիական հարցե­րի վերաբերյալ:

Սակայն, հարկ ենք համարում շեշտել, որ տեղի ունեցածն, ըստ էու­թյան, իշխանության կողմից արված ճարահատյալ ու կոպիտ մի փորձ էր խոչընդոտելու քաղաքական ընդդիմախոսների ազատ արտահայտվելու և հանրու­թյան հետ լրատվամիջոցների օգնությամբ շփվելու հնարավորությունը: Սա ոչ այլ ինչ է, քան այլախոհության բիրտ ճնշում, կամ ինչպես վերջերս ասել էր հայտնի քաղաքական գործիչներից մեկը` մտքի տեռոր: 

Այսօրվա միջադեպը կարծես եկավ հաստատելու քաղաքական դաշտում և հանրության շրջանում օրըստօրե ուժգնացող այն մտավախությունները, որ նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհու­թյունը և ունակ են քաղաքական հետապնդումներ իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ, հատկապես նրանց, ում քաղաքական կշիռն ու հեռանկարները իրենց համար լուրջ անհանգստությունների առիթ են հանդիսանում»:  

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել