Tert.am-ը գրում է.

Tert.am –ի հետ  զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադառնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման 100 օրվա ընթացքում հայ-ռուսական հարաբերություններում արձանագրված զարգացումներին: Դրանք Էդուարդ Շարմազանովը որակում է որպես «պինգպոնգյան» քաղաքականություն:

-Պարո՛ն Շարմազանով, վերջին շրջանում շատ փորձագետների մտահոգում է հայ-ռուսական հարաբերությունների որակն  ու «երկխոսության ձևաչափը»: Երբ Փանիկի դեպքերից սկսած՝ հայտարարում են, պատասխանում, Սերգեյ Լավրովի հայտարարություն, ապա Փաշինյանն ասաց, որ  բոլորը պետք է ադապտացվեն նոր կարգավիճակին: Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը: Ինչպե՞ս էր այս առումով ձեր օրոք:

-Առնվազն մեր կառավարման շրջանում հայ-ռուսական հարաբերությունները բխել են Հայաստանի Հանրապետության պետական շահից և սպասարկել են բացառապես ՀՀ պետական շահը:

Դրա վառ ապացույցն է ռուսական ռազմաբազայի ժամկետի երկարացումը, ՀՀ-ի՝ ԵԱՏՄ մուտքը, ՀԱՊԿ-ում մեր նախագահությունը և տարբեր ռազմական-ռազմավարական ու քաղաքական պայմանագրերի ստորագրումը, ռուսաստանյան ներքին գործարանային գներով ռազմական տեխնիկայի տրամադրումը մեր երկրին, նաև այն, որ Ղարաբաղյան հիմնահարցում ՌԴ-ն, հիմնականում, ունեցել է կառուցողական դիրքորոշում: Իհարկե, եղել են խնդիրներ, բայց չի եղել մի իրավիճակ, երբ վարվել է «պինգ պոնգ»-ի քաղաքականություն», որտեղ մենք ասում ենք, իրենք՝ պատասխանում, հետո մենք, հետո՝ իրենք: Հայ-ռուսական հարաբերությունները մեր իշխանության շրջանում կրել են բացառապես դաշնակցային բնույթ և բխել են ՀՀ պետական շահից ու անվտանգության ամրապնդումից: Ինչ վերաբերում է մատնանշածս «պինգ պոնգի  քաղաքականությանը», ապա, ըստ իս, դաշնակիցների միջև  հարաբերություններն ավելի արդյունավետ կլինի ոչ թե  հրապարակային հայտարարություններով պարզելը, այլ դիվանագիտական խողովակներով ամենացավոտ հարցերի քննարկումը: Մեր իշխանությունն առնվազն այդ ճանապարհով է գնացել:

-Մի խոսքով՝ գտնո՞ւմ եք, որ սխալ արտաքին քաղաքականություն է վարվում:

-Առաջիններից մեկն եմ եղել, որ հայտարարել եմ, որ հայ-ռուսական հարաբերություններն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, և որ դա չի բխում մեր պետության ու մեր ժողովրդի շահերից, ես առաջինն եմ եղել, որ նշել եմ, որ Փանիկի դեպքերից հետո, երբ ռուսական կողմը ներողություն էր խնդրել, պարոն վարչապետն այս դեպքերը սադրանք որակեց և այս հարցին շատ խիստ անդրադարձավ: Նաև առաջիններից եմ եղել, որ խնդրահարույց եմ համարել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Խաչատուրովի վերաբերյալ  մեղադրանքն առաջադրելն առանց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տեղեկացնելը: Ես դրա մասին շատ եմ խոսել: Անկախ նրանից՝ ով ինչ է գրում, Լավրովի հայտարարությունը բավականին հստակ էր, և Փաշինյանի այն հայտարարությունը, որ պետք է ադապտացվեն, ես մի քիչ լավ չհասկացա՝ ինչին: Այսինքն՝ պետք է ադապտացվեն, որ հարաբերությունները վատթարանում են, թե ադապտացվեն, որ իշխանությունները մի բան ասում են, մեկ այլ բան անում: Եվ հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթն առնվազն 3 նախագահների օրոք պահպանվել է. և՛ Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛Սարգսյանի, և սա է այն կոնսենսուսային հարցերից մեկը, որը նախկին երեք վարչակարգերին միավորել է և եղել է կոնսեսուս: Եվ ես գտնում եմ, որ մենք պետք է շատ ավելի սառնասիրտ քաղաքականություն վարենք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել