Tert.am-ը գրում է.

18:50

Մենք պետք է ասենք Արամ Մանուկյանին, որ տեր ենք ձեր առաքելության, ձեր գործը կիսատ չէ, ձեր ոգին ու հաղթանակը կենդանի է. Ն. Փաշինյան

Թերևս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ի դեմս Արամ Մանուկյանի գործ ունենք մեր նորագույն պատմության մեծագույն առաքյալի հետ: Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի բացման պաշտոնական արարողությունը նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ Արամ Մանուկյանի կյանքն ու գործունեությունը նման չէ մի մարդու կյանքի, որը պարզապես ծնվել ու մահացել է:

«Նա մարդ չէր, որ ծնվեց ու մահացավ, այլ նա անձ էր, ով ծնվեց իրականացնելու մի մեծ առաքելություն, ի վերջո, իրագործեց այդ առաքելություն: Մեծագույն առաքելություն է գտնել հաղթանակ՝ պարտությունների տեղատարափի ներքո, գտնել հույս՝ հուսահատության հեղեղի մեջ, գտնել ուժ, երբ թվում է, թե թևերդ թուլացած են, երբ թվում է՝ ծնկներդ ծալված են, երբ թվում է, թե ողնաշարդ կոտրված է»,- ասաց նա:

Վարչապետը գտնում է, որ Արամ Մանուկյանը լիարժեք կատարեց իր առաքելությունը: Ըստ նրա՝ Մանուկյանն անձ էր, որ երբեք չապրեց իր ընտանիքի ու հարազատների համար, այլ ապրեց ու պայքարեց ժողովրդի համար. «Նա հաղթեց իր ժողովրդի համար, նա մահացավ իր գաղթած, կոտրված, անտուն ժողովրդից փոխանցված հիվանդության արդյունքում և ամբողջացրեց իր առաքելություն: Այդ առաքելությունն իր գոյությամբ սերմանել է այս հողի մեջ»,- շարունակեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ՀՀ պետական այրերը, քաղաքացիները պետք է արժանի լինել Արամ Մանուկյանին ու նրա կատարած առաքելությանը: Նրա խոսքով՝ պետք է այնպես ապրել, որ Արամ Մանուկյանի արձանի մոտով անցնելու ժամանակ, յուրաքանչյուրը հայ կարողանա ուղիղ նայել Մանուկյանի աչքերին:

«Մենք պետք է ասենք, որ տեր ենք ձեր առաքելության, ձեր գործը կիսատ չէ, ձեր ոգին ու հաղթանակը կենդանի է: Հայ ժողովուրդն այլևս հաղթանակած է հավիտյան: Եվ ուրեմն՝ կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրում ու ապրելու են ազատ ու երջանիկ Հայաստանում»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր Երևանում տեղի է ունենում Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի բացման պաշտոնական արարողությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել